Ս.Օհանյան. Վ.Սարգսյանը դժվարին պահերին եղել է մեր ամենահուսալի աջակիցն ու հենարանը
Նմանատիպ
Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում մարտի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին, և այսօր, նրա ընտանիքի ու մարտական ընկերների հետ միասին հավաքվել ենք հիշելու մեր առաջնորդի, սպարապետի ու նախարարի հզոր և պայծառ կերպարը, ու ևս մեկ անգամ արժանին մատուցելու մեր ավագ ընկերոջ ապրող հիշատակին, ով պատմության ու ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա ամեն ինչ ասող, ամեն ինչ բնութագրող ու գնահատող մի քանի բառով՝ Հայաստանի և Արցախի Ազգային Հերոս… Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ մեր ավագ ընկերը, ավագ եղբայրը, դժվարին պահերին մեր ամենահուսալի և վստահելի աջակիցն ու հենարանը… Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Դա նշանակում է, որ եկել է պահը ևս մեկ անգամ մեր անցած ճանապարհը քայլ առ քայլ վերաիմաստավորելու և մեր ամենօրյա գործունեության մեջ քար առ քար իրար վրա դնելով Սպարապետի հպարտության առարկան` բանակի մարտունակությունը ամրապնդելու և բազմապատկելու»:
Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշել է, որ ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերի իր զավակին` ազգային բանակին:
Ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում