Նոր ուժ` երկրի հասարակական – քաղաքական կյանքում
Նմանատիպ
Երեկ` մարտի 4- ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման կազմակերպած միջոցառումը, որին մասնակցում էր 12000-13000 տարբեր տարիքի մարդ` Հայաստանի 216 համայնքներից:
Այսօր արդեն ակնհայտ է, որ մեր երկրի հասարակական– քաղաքական կյանքում իր տեղն է նվաճում մի նոր ուժ, որն իր բնույթով ապակուսակցական է և մարդկանց համախմբում է հայ մարդուն հասկանալի ազգային արժեքների շուրջ:
Հայոց Արծիվների վերաբերյալ մեր հասարակության շրջանում առկա են տարբեր կարծիքներ, սակայն ակնհայտ է մի բան. այդ շարժումն իր տեսակի մյուս կազմակերպությունների, կառույցների շրջանում արդեն առաջատարն է:
Անշուշտ այս շարժման հարաճուն հաջողության գրավականը խարիզմատիկ հռետոր–առաջնորդի առկայությունն է: Այս հանգամանքը մի կողմից այսօր շարժման կենսունակության գրավականն է, բայց մյուս կողմից էլ այն հուշում է, որ շարժումը դեռ կայանալու տեղ ունի: Միևնույն ժամանակ Խաչիկ Ասրյանի կողքին արդեն կարելի է նկատել երիտասարդ կայացող առաջնորդների: Այս առումով պետք է նշել, որ այս կառույցի հետագա կայացման կարևոր նախադրյալ է այն, որ Հայոց Արծիվների շարժումը մարզերում, համայնքներում երիտասարդներին ինքնադրսևորման, ինքնաիրացման հնարավորություն է ընձեռում: Իսկ որ շարժման մեջ ընդգրկված հարյուրավոր երիտասարդներ իսկապես եռանդուն կազմակերպչական ակտիվություն են հանդես բերում կարելի էր տեսնել երեկ Ազատության հրապարակում:
Խաչիկ Ասրյանի ընդդիմախոսները հավանաբար կասեն, թե միջոցառման կազմակերպման ընթացքում օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրս: Նախ ցանկացած կառույց իր գործունեությունը կազմակերպելիս օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները, ինչը բնական է: Սակայն երեկվա միջոցառման հաջողությունը միայն ադմինիստրատիվ ռեսուրսով պայմանավորելն արդար չէր լինի: Փաստը մնում է փաստ, որ չնայած ցուրտ եղանակին միջոցառման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չլքեց Ազատության հրապարակը, այլև կազմակերպված մասնակցեց երթին: Նման արդյունք անհնար է ստանալ ստիպողաբար: Անհնար է ահռելի զանգվածում լիովին վերահսկել մարդկանց, կաշկանդել նրանց տեղաշարժը: Ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է ահռելի զանգվածում «ձուլվել» և աննկատ հեռանալ: Այդպիսի բան երեկ գրեթե չեղավ, ինչը նշանակում է, որ Հայոց Արծիվների շարժումն իր կայացման ճանապարհին իսկապես հասել է տպավորիչ արդյունքների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում