Թ.Աքչամ. Թուրքիայի իշխանությունը բացահայտ կերպով հովանավորում է հայատյացությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիայից վտարված թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունը բացահայտ կերպով հովանավորում է հայատյացությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում, ընդգծելով վերջին շրջանում թուրքական իշխանությունների ակնհայտ ռասիստական գործողությունները, Աքչամը նշել է, որ «եթե հայերը քրիստոնյա չլինեին, մահմեդական թուրքերը չէին փորձի բնաջնջել նրանց»:

«Թուրքիայում իշխող իսլամիստները ստիպված են առերեսվելու այդ իրողության հետ, քանի որ հակառակ դեպքում` Թուրքիան չի կարող ժողովրդավար դառնալ», -ասել է նա:

Փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ռասիստական հակահայկական միտինգի վերաբերյալ Աքչամն ասել է, որ այն միտված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նրա խոսքով` այդ ցույցով Անկարան ուղերձ է հղում հայությանը, որ եթե ցեղասպանության ճանաչման ճնշում գործադրվի, ապա Թուրքիայում առկա ռասիզմը կուղղվի Խոջալուի թեմայի ուռճացմանը:

Աքչամը դատապարտել է թուրքական կառավարության թողտվությամբ Ստամբուլում հայտնված` «Մի հավատա հայերի ստերին» գրությունները եւ հարց ուղղել վարչապետ Էրդողանին, թե ինչպե՞ս կվարվեր նա, եթե Նյու Յորքում կամ Բեռլինում հայտնվեին «Մի հավատա թուրքերի ստերին» գրությամբ վահանակներ:

«Թուրքիայում իշխանությունները բացահայտորեն խրախուսում են երկար ժամանակ թաքնված ռասիզմն ու հայատյացությունը: Դրա իմաստն այն է, որ Թուրքիայում վտանգված է հայ քաղաքացիների կյանքը, որովհետեւ հայերի կյանքի անվտանգության համար պատասխանատու Ներքին գործերի նախարարը մասնակցել է այդ ռասիստական ցույցին եւ հայտարարել, թե «թուրքի թափված արյունը գետնին չի մնա», -ընդգծել է թուրք պատմաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում