ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նմանություն է տեսնում հայերի և ադրբեջանցիների միջև (տեսանյութ)

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ներկայացրել է իր հերթական վիդեոուղերձը, որում հաշտեցման կոչ է անում՝ վստահություն հայտնելով, որ դրանից կշահեն բելերը:

Ջ.Հեֆերնը հայտնել է, որ կնոջ հետ վերջերս դիտել է «Եթե բոլորը» ֆիլմը, որտեղ դեսպանին հրապուրել է առաջ քաշված հաշտության թեման: Ըստ ԱՄՆ դեսպանի՝ ֆիլմի հիմնական գաղափարը հայերի և ադրբեջանցիների որոշակի նմանություններն են: Հեֆերնը նաև նշել է, որ այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցը, որտեղ աշակերտների հետ քննարկել է այդ թեման:

Դեսպանի խոսքերով՝ աշակերտների արձագանքը տարբեր է եղել: Մի մասը համաձայնվել է՝ ասելով, որ պատրաստ են իրենց դասարանում տեսնել այլ ազգի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ, իսկ մյուսները բավականին կոշտ են արձագանքել. «Աշակերտներից մեկն էլ ինձ հարց ուղղեց, թե ինչպես կվարվեին ամերիկացի աշակերտները, եթե հայտնվեն այդպիսի իրավիճակում: Ես նշեցի, որ ԱՄՆ-ն  նույնպես դժվարին պատմություն է ունեցել՝ օրինակ ստրկատիրական ժամանակները: Հարյուրավոր տարիներ աֆրոամերիկացիները ստրուկի կարգավիճակ ունեին, և այդ ընթացքում ռասսայական լարվածությունն ու ատելությունը աճում էր, որն էլ դարձել էր լուրջ խնդիր։ Սակայն վերջին 50 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ռասսայական հաշտեցման։ Իսկ դրա լավագույն ապացույց՝ Բարաք Օբամայի նախագահ ընտրվելն էր»,- նկատել է Ջ.Հեֆերնը:

Ջ.Հեֆերնը շեշտել է իր համոզմունքը, թե իրական հաշտեցումը հնարավոր է՝ կոչ անելով այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Հաշտեցումից կշահեն բոլորը»,- իր խոսքը եզրափակել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում