Խրախուսվել են Արցախի և Ջավախքի լավագույն ուսանողները

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանն այսօր տարբեր բուհերի  ավելի քան 200 լավագույն ուսանողների տրամադրել են միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով:
Ինչպես տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության մամլո գրասենյակը, խրախուսվել են Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,  նշել է. «Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունն է ապագայի հաջողությունների բացառիկ նախապայմանը: Կոչ եմ  անում կրթությունն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ` շենացնելու և զարգացնելու մայր հայրենիքի այդ հատվածները ևս»: Նախարարը նշել է, որ հետագայում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանողները:  Նմանատիպ ծրագիր է նախատեսվում նաև Ջավախքի, Արցախի և Հայաստանի լավագույն ուսուցիչների համար: «Նաև նախնական պայմանավորվածություն ունենք հեռավոր և սահմանամերձ շուրջ 50 գյուղերի  դպրոցներում համակարգչային վերազինում կատարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում