«Զվարթնոց»-ը և «Արմավիա»-ն ստորագրել են փոխշահավետ պայմանագիր

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» և ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունները ստորագրել են փոխշահավետ պայմանագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Ըստ «Զվարթնոց»-ի գլխավոր մենեջերի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ մարտի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  «Արմավիան» մաս-մաս պետք է մարի իր պարտքը, որ կազմում է  5 մլն 300 հազար դոլար: «Համաձայնության ենք եկել նաև նոր սակագների մասին: Նման քայլի օդանավակայանը դիմել է ազգային փոխադրողին օգնելու նպատակով»,- նշել է մենեջերը:

Մեկնաբանելով «Արմավիա»-ի այն բողոքները, թե օդանավակայանը մեծ գումար է գանձում սպասարկման համար, ընկերության ներկայացուցիչը նկատել է, որ նման մեղադրանքն անընդունելի է. «Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ավիաընկերությունը բողոքում է օդանավակայանից: Ցանկացած տեղ օդանավակայանի սպասարկման ծախսը ավիաընկերության ծախսերում փոքր մասի է կազմում, և դա չի կարող ազդել նրա ողջ բիզնես պլանի վրա»:

Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանն իր հերթին շեշտել է, որ եթե «Արմավիա»-ն չպահպանի համաձայանագրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա համաձայնագիրը չեղյալ կհամարվի: Նա չբացառեց, որ ավիափոխադրողի հետ նոր համաձայնության չգալու դեպքում ընկերությունը կարող է դիմել դատարան:

Այն հարցին, թե պատրաստ է արդյոք «Զվարթնոց»-ը գնել «Արմավիա» ընկերությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչները  պատասխանել են, որ պաշտոնական հայտարարություն «Արմավիա»-ի վաճառվելու մասին իրենք չեն լսել:

Անդրադառնալով ավիատոմսերի սակագնի հնարավոր իջեցման հարցին՝ «Զվարթնոց»-ի ներկայացուցուցիչները նշել են, որ մեկ ավիատոմսի մեջ օդանավակայանի սակագները կազմում են ընդամենը 10-15 տոկոս, և հետևաբար, օդանավակայանի սակագների վերանայումը չի կարող էական փոփոխություն ունենալ ավիատոմսի արժեքի վրա: 

Նշենք, որ ասուլիսից առաջ «Զվարթնոց»-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Արմավիա» ընկերությունը բանակցությունների 4-րդ օրը լքել էր բանակցությունների սենյակը՝ չնայած այն հանգամանքին, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը բավարարել էր ՀՀ կառավարության և Արմավիա ընկերության բոլոր խնդրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում