Թերթերն այսօր. ՕԵԿ-ական կանանց շարքում վեճ է ընկել, իսկ Հ.Քուշկյանի հրամանները չեն կատարվում
Նմանատիպ
Ընտրություններ.
«Հրապարակ» թերթին հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Մոսկվայում է գտնվում: Թե ինչ առաքելությամբ է Քոչարյանը գնացել Մոսկվա, հայտնի չէ: Հայտնի է, որ այսօր կայանալիք ԲՀԿ համագումարում սպասվում է Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը: Չի բացառվում, որ դա Քոչարյանն է գլուխ բերել: Ի դեպ, նախապես ասում էին, որ Ռ. Քոչարյանը պատրաստվում է ԲՀԿ-ի օգտին քվեարկելու կոչ անել, սակայն ոմանց խորհրդով ձեռնպահ է մնացել այդ քայլից: Նրան համոզել են, որ այդ կոչը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել ԲՀԿ-ին:
«Երկիր» օրաթերթը գրում է, որ ՕԵԿ-ում ցուցակի հետ կապված տարաձայնությունները շարունակվում են: Թերթի տեղեկություններով՝ այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ: Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ Հեղինե Բիշարյանն ու Սուսաննա Աբրահամյանը միմյանց հազիվ են բարև տալիս, իսկ Բիշարյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակին էլ առաջվա նման չի գովում:
Ըստ թերթին հասած տեղեկությունների` Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երևանի թիվ 191 դպրոցում:
«Երկիր» օրաթերթը նաև տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում հեռուստաընկերություններում շատանալու են բանավեճերը: Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՀՀԿ-ից բանավեճերին մասնակցելու են ոչ թե քաղաքական դաշտում հայտնի ՀՀԿ-ականները, այլ ՀՀԿ-ի «կոմսոմոլներ», որոնց հետ լուրջ «դասընթացներ» են անցկացվել: ՀՀԿ վերնախավում մտավախություն կա, թե ավագ ՀՀԿ-ականները, հաշվի առնելով ընկերական, ինչու չէ, նաև խնամիական կապերը այս կամ այն քաղաքական գործչի հետ` չեն կարողանա բանավիճել, իսկ ջահելների պարագայում բոլորովին այլ է. նրանք ինքնահաստատվելու կարիք ունեն, քաղաքական գործիչների հետ էլ շփումների մեջ չեն եղել:
«Ժամանակ» թերթը հայտնում է, որ 2012 թ. պետական բյուջեից առաջիկա խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար կծախսվի 977 մլն 552 հզ. 500 դրամ: Այս մասին թերթին հայտնել է ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:
Զարմանազան.
«Հայկական ժամանակը» գրում է. «Արդեն երկար ժամանակ է` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետման տակ: Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատերերը՝ Մուրադյան եղբայրներից երեքը՝ Հովհաննեսը, Հակոբը և Մուրադը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ են վերցրել, որի դիմաց էլ գրավադրվել են մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, որոնք հայտնվում են ՊՆ կառավարության ներքո: … Այս վարկային պատմության առնչությամբ մեր թղթակիցը փորձել է ՀՀ կառավարությունից մեկնաբանություն ստանալ, սակայն, հարցերին ի պատասխան, կառավարությունից ուղարկել են իրենց ինտերնետային կայքի հասցեն՝ անուղղակի հաստատելով մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված խնդրի գոյությունը»:
Իրավիճակի վերաբերյալ թերթին մեկնաբանություններ է տվել «Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բորիս Մուրադյանը: Նա հերքել է, որ հիշյալ վարկը վերցրել են Սոչիում հյուրանոց կառուցելու նպատակով ու հայտնել, որ այն տրամադրվել է «ԲԱՄՕ մետալ» ընկերությանը` ներդրումային ծրագրի համար: Նա նաև նշել է, որ երբ վարկի գումարը մարվի երկու տարվա ընթացքում, ապա նաև երկարացված ժամանակում վերադարձվի, գրավադրված բաժնետոմսերը վերստին կանցնեն իրենց տրամադրության տակ:
«Հրապարակ»-ը գրում է, որ 74 տարեկան Ռահել Ադամյանը սրտի ծանր հիվանդություն ունի: Շտապօգնության մեքենան ամեն օր գալիս է, բայց պետպատվերով հիվանդին հրաժարվում է տեղափոխել հիվանդանոց: «էրեբունի» բժշկական կենտրոնում աղքատ կնոջը չեն ընդունում:
Հայրենադարձ Ռահելը մեծ դժբախտություն է տեսել` հողին է հանձնել երիտասարդ որդիներին և կյանքից առանձնապես չի կառչում, մանավանդ որ կյանքից կառչելու համար բավարար միջոցներ չունի: Պայքարողը նրա աղջիկն է` էլիզան: Նա մատուցող էր աշխատում սրճարաններում, բայց հիմա օր ու գիշեր հերթապահում է մոր անկողնու մոտ: Վազում է բժիշկների դուռը, ինչ-որ թղթեր է դասավորում, տոպրակներով դեղեր է խմեցնում հիվանդին, որոնք, սակայն, չեն օգնում: Անցյալ ամիս էլիզան հասավ նրան, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտեցին մոր սիրտը և պարզեցին, որ Ռահել Ադամյանի վիճակը վատ է: Նրան միայն սրտի բաց վիրահատությունը կարող է փրկել: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ հրաման ստորագրեց, որում գրված է. «Հիմք ընդունելով «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի թիվ 142 հրամանը, հրամայում եմ քաղաքացի Ռահել Ադամյանի սրտի վիրահատությունը կազմակերպել «էրեբունի ԲԿ» ՓԲԸ-ում, պետական պատվերի շրջանակներում»: Երբ էլիզան գնաց հիվանդանոց, հույսով, որ վերջապես մորը կպառկեցնեն, նրան ուղարկեցին հաշվապահի մոտ: Նա բացատրեց էլիզային, որ նախարարի հրամանը ոչինչ էլ չի նշանակում: Պետությունն արդեն կատարել է անվճար հետազոտություն, իսկ ինքը, եթե ուզում է, որ մորը նույն օրը պառկեցնեն վիրահատության, պետք է 4 հազար դոլար դնի սեղանին: