Ա.Զաքարյան. ՀՀԿ ցուցակում ներկայացված են հասարակության ամենատարբեր շերտերը
Նմանատիպ
«Երեկ ՀՀԿ Խորհրդի նիստում հաստատվեց ՀՀԿ նախընտրական կազմը, որտեղ ներկայացված է առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրն իրականացնող թիմը»: Խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակից՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ ցուցակում ներկայացված են հասարակության ամենատարբեր շերտերը և քաղաքական ամենատարբեր ուղղությունները:
«Հանրապետականը, որպես զանգվածային կուսակցություն, պետք է ներկայացնի հասարակական տարբեր խմբերի շահերը: Կուսակցության գործունեությունը, հետևաբար նաև նրա քաղաքական թիմը միագիծ և միավեկտոր չէ»,- ասել է ՀՀԿ պատգամավորը՝ նշելով, որ կարևորը այն չէ, թե ցուցակի որ տեղում է քաղաքական գործիչը, այլ նրա ներգրավածությունն է:
Ա.Զաքարյանը անդրադարձել է նախընտրական պայքարին՝ հույս հայտնելով, որ բոլոր քաղաքական ուժերն էլ մրցակցային կազմ են ներկայացնելու:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք պատգամավորն արդարացված է համարում գեներալ Մանվել Գրիգորյանի առաջադրումը, ՀՀԿ ներկայացուցիչն ասել է. «Համոզված եմ, որ նրա ներկայությունը դրական ազդեցություն կունենա մեր գործունեության վրա»:
Ա.Զաքարյանը անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հարցին՝ նշելով, որ խաղաղ բանակցային գործընթացը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանում ապահովել երկարատև կայունություն:
«Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում նորություն չեմ ասի, եթե ընդգծեմ պարբերաբար կրկնվող ապակառուցողական հայտարարությունները մեր հարևան Ադրբեջանի կողմից: Այդ ուղղությամբ իրենց ուրույն տեղն ունեն նաև ռազմատենչ հայտարարություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները»,- ասել է պատմագավորը` շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ դերը և նրա անփոխարինելիությունը խնդրի կարգավորման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում