Նախագահը Սինգապուրում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Նմանատիպ
Մարտի 26-27-ին Սեուլում կայացած Անվտանգության միջազգային համաժողովին մասնակցելուց հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակելով իր պաշտոնական այցը, ժամանել է Սինգապուր:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, կառավարական «Իստանա» նստավայրում ՀՀ նախագահին դիմավորել է Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարներն անցել են հանդիպումների սրահ: Ողջունելով իր հայ գործընկերոջը` Թոնի Տան Քեն Յամն իր խոսքում նշել է, որ չնայած Հայաստանի ու Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, այնուամենայնիվ երկրների հարաբերությունները հարյուրամյակից ավելի պատմություն ունեն: «Հայ համայնքը կարևոր դերակատարություն է ունցել մեր երկրի կյանքում: Մեր երկրում առաջին թերթը և առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը»,- նշել է Սինգապուրի նախագահն ու վստահեցրել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքում:
Նա իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանին և մասնավորապես առաջարկել փորձի փոխանակում` նկատի ունենալով հատկապես Սինգապուրում պետծառայության համակարգում եղած փորձը:
Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և դրական արձագանքել հնչած առաջարկին` ցանկություն հայտնելով օգտագործել Սինգապուրի զարգացման փորձը` ինչպես պետական ծառայության ոլորտում, այնպես տնտեսության ու մասնավորապես բարձր տեխնոլոգիաների:
Նույն նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև երկրի վարչապետ, երկրի փաստացի ղեկավար Լի Սյան Լունի հետ: Վերջինս նույնպես հիշելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալից դերակատարումը և հատկապես հայ գործարար խավի բարի համբավը և յուրահատուկ առաքելությունը Սինգապուրում 19-րդ դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում` ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:
Խոսելով երկու երկրների ներուժի մասին` Սինգապուրի վարչապետը հետաքրքիր դիտարկում է արել:
Մասնավորապես նկատի ունենալով, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում նախատեսված է այցելություն աշխարհի ամենաբարձր դիտանիվ (колесо обозрения)` Singapore Flyer, նա նշել է, որ դիտանիվից միանգամից երեք երկիր է երևում` Մալայզիան, Ինդոնեզիան և Սինգապուրը: Ու նշելով, որ Հայաստանն էլ Սինգապուրի նման փոքր երկիր է, վարչապետ Լունը վստահեցրել է. «Երկրի չափերը զարգացման խոչընդոտ լինել չեն կարող»:
Վարչապետ Լի Սյան Լունը, ինչպես և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախօրեին է Սեուլից վերադարձել Սինգապուր, որտեղ մասնակցում էր Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս առնչությամբ կարևորելով մասնակցությունը գագաթաժողովին, նա իր խոսքում մասնավորապես նկատել է. «Փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծ չեն որոշում, սակայն նրանք ապրում են միջազգային կանոններով»:
Սինգապուրի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում այսօր երկու երկրների միջև ստորագրվել են նաև փաստաթղթեր: Մասնավորապես, կառավարությունների միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին հուշագիր, և դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր:
Այսօրվա ընթացքում ՀՀ նախագահը կմասնակցի Սինգապուրի Բիզնես ֆեդերացիայի անունից մատուցված ճաշին, որին մասնակցելու են երկրի խոշորագույն գործարարներն ու կորպորացիաների ղեկավարները: Երեկոյան Սինգապուրի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի պետական ճաշ կմատուցվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում