Վտանգի տեսանելիությունը եւ միտումնավոր կարճատեսությունը
Նմանատիպ
Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:
Թուրք նախարարի լիբանանյան հագեցած ժամանակացույցից զատ մեկ այլ լրատվություն էր գրավում երկրում թուրքական շարժումների հետեւողների ուշադրությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ առաջիկա օրերին մարոնի պատրիարք Պշարա Ռային մեկնելու է Թուրքիա:
Լրատվությունը անմիջապես վերհիշեցնում է նախարար Դավութօղլուի Լիբանան կատարած վերջին այցելության ընթացքում բարձրացված հարցը` Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների եւ իսլամ հոգեւոր ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում երկխոսություն կազմակերպելու անհրաժեշտությունը: Այս հարցը արծարծվել էր լիբանանյան համայնքի հոգեւոր մի շարք պետերի եւ հատկապես Ռայի պատրիարքի եւ նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ:
Պատրիարքի այս այցելության նպատակն ու բնույթը պաշտոնապես չեն նշվում, այսուհանդերձ, մամուլի մի շարք ներկայացուցիչներ պատրիարքի հետ կապված Թուրքիայում տեղի ունենալիք հոգեւոր գործունեության որոշ մանրամասնություններ են հաղորդում: Պարզ է, որ առաջադրված ընդհանուր նպատակի` քրիստոնյա–իսլամ երկխոսություն ծավալելու նախապատրաստությունն է, որ կատարվում է այս ձեւով: Ավելի ընկալելի էր դառնում պատրիարքի այցելությունը Թուրքիա, եթե այնտեղ գոյություն ունենար մարոնի նկատելի համայնք: Այս տրամաբանությունից մեկնելով չի բացառվում, որ Ռայի պատրիարքի այցելության հետեւում Անկարայի համապատասխան կառույցների հրավերով Թուրքիա մեկնեն լիբանանյան այլ համայնքների հոգեւոր պետերը:
Վերադառնանք կրթության եւ մշակույթի ոլորտներին: Թուրքական մշակութային կենտրոնը՝ Անկարայի կողմից հովանավորվող դպրոցներին առընթեր, ենթադրում է լիբանանյան հանրության որոշ խավի հետ այլեւս կառուցված մնայուն հաղորդակցություն: Թուրքերենի դասընթացներ, Թուրքիայի մշակույթի հետ ծանոթացում, ամենայն հավանականությամբ թուրքական մշակութային միջոցառումների կազմակերպում եւ համապատասխան գործունեության ծավալում: Այս բոլորը նախանշում են, որ Անկարան հավակնոտ եւ համարձակ քայլով առեւտրական եւ ապրանքաշրջանառության ոլորտների հետ մշակութային ներկայության նոր սկիզբ են ապահովում: Դրանից առաջ առողջապահական ոլորտն էր. Անկարան հիվանդանոցներ եւ դարմանատներ էր վերանորոգում կամ նույնիսկ նորերը կառուցում: Շատ արագ նկատվում է, որ ընտրված ոլորտները անմեղունակ ոլորտներ են` մարդասիրական, կրթական, մշակութային եւ կրոնական երեւութական նպատակներով: Խորքում, սակայն, նոր օսմանականության ծավալման համար ուղիներ հարթող զուտ քաղաքական գործողություններ են, որոնք լիբանանյան շահերից չեն բխում:
Հարավում հիվանդանոցներ նորոգող եւ զորամիավորումներ ունեցող, հյուսիսում դպրոցներ հովանավորող, Բեյրութում մշակութային կենտրոններ բացող եւ Բեյրութ–Անկարա կրոնական կամուրջներ կառուցող Թուրքիան անարգել տեղավորվում է մայրիների երկրում: Անկարա–Դամասկոս աննախընթաց, բայց կարճատեւ մերձեցումը պետք է բավարար հուշարարի դեր կատարի պաշտոնական Բեյրութի համար՝ նոր օսմանականներին հյուրընկալելու եւ նրանց կողմից հյուրընկալվելու պահերին:
Այս վտանգը միայն հայկական հայեցակետ չէ, որ ունի: Շատ անմիջականորեն այն լիբանանյան տեսադաշտում է: Վտանգի այս տեսանելիությունը համալիբանանյան ակնոցներով հստակ է, եթե, անշուշտ, միտումնավոր կարճատեսությամբ մոտեցող կողմերը պարզապես ցանկություն չունենան նկատել իրադրությունների հետևում կանգնած քաղաքական շարժառիթները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում