Դեսպան Վլ.Կարմիրշալյանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով
Նմանատիպ
Արգենտինյան Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդե Կիրչների հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով: Այդ շքանշանն օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգևն է, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արգենտինայի կառավարության պարգևը Հայաստանի դեսպանին հանձնեց ԱՀ արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը: Իր ելույթում նա բարձր գնահատեց դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդն Արգենտինայի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, մասնավորապես կարևորեց վերջին տարիների ընթացքում մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը և կարևոր նշանակություն ունեցող միջպետական պայմանագրերի ստորագրումը:
Իր շնորհակալական խոսքում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, որ արգենտինական բարձր պարգևն ընդունում է որպես Հայաստանի և Արգենտինայի միջև գերազանց հարաբերությունների և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության գնահատական:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում և կվերադառնա Երևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում