Թերթերն այսօր. Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժելու հարցը քննարկվել է կրպակատերերի հե՞տ

Ընտրություններ.

«Երկիր» օրաթերթի նոր բացահայտումների համաձայն՝ ընտրությունները թեժ են լինելու:

ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին օգնելու ծանր բեռն իր ուսերին է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ-ի «քավորը խաղեր է տալու» թիվ 25 և 26 ընտրատարածքներում:

Ըստ այս ընտրատարածքները, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ պետք է բաժին հասնեին ԲՀԿ-ին, բայց ՀՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է, որ այնտեղ անցնեն ՕԵԿ-ական թեկնածուները:

«Հայկական ժամանակ»-ն իր հոդվածներից մեկում վեր է հանում հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը չհայտնվեցին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գևորգյանը, և ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում:

Ըստ թերթի հավաստի տեղեկությունների՝ մինչև վերջին պահը «Ժառանգության» ու «Ագատ դեմոկրատների» միջև բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձևաչափի շուրջ: «Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` «Նոր Հայաստան» կամ «Րաֆֆի+»: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, և դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի: «Ժառանգության» ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ «Ազատ դեմոկրատները» մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները և հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձևաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ և արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որևէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր: «Ազատ դեմոկրատների» վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը, թերևս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել»,- գրել է թերթը:

«Ժողովուրդ»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին հրավիրել են ժողովի եւ բաց տեքստով հասկացրել, որ ԱԻ նախարարը զբաղեցնում է ՕԵԿ ցուցակի երրորդ հորիզոնականը, իսկ դա նշանակում է, որ ԱԻ նախարարության աշխատակիցները պետք է քվեարկեն նրա օգտին։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ նման հավաքներ ու զրույցներ անցկացվել են մյուս նաև մարզերում։ Այս հանգամանքը, մեղմ ասած, զայրացրել է ԱԻ նախարարության աշխատակիցներին։ Փորձեցինք տեղեկություններ ճշտել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից։ Պարոն Երիցյանն ասաց, որ այդ խոսակցություններն ընդամենը հերյուրանքներ են՝ ավելացնելով. «Փրկարարներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Իրենք պետք է զերծ մնան նման քարոզներից եւ զբաղվեն իրենց ծառայությամբ»։ Նրա խոսքերով, ինքն արդեն նման հանձնարարություն է տվել բոլորին»։ 

Զարմանազան.

«168 ժամ»-ի հաղորդմամբ՝ վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաև մարզերում: Ըստ թերթի՝ մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «Skype»-ի միջոցով: Այս տեղեկատվությունը քննարկվում էր նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր. «Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում է կատարյալ անլրջություն: Ամեն դեպքում պնդում եմ, որ ՄԻՊ-ի գրասենյակի կադրերի բաժնի աշխատակիցները շատ երկար ժամանակով վերապատրաստվելու կարիք ունեն: Հիմնավոր առիթ է աշխատակազմի կարողությունների զարգացման հիմքերով մի ծրագիր ներկայացնել դոնորներին: Իմ կարծիքով` սուրճի բաժակով գուշակելն ու ընտրելն ավելի ճշգրիտ տարբերակ է, քան իրենց անսկզբունքային մոտեցումները»:

«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Մաշտոցի պուրակում հոգեբանորեն նախապատրաստվում էին այսօր, ժամը 13:00-ին մի խումբ կամավորների կողմից կրպակներն ապամոնտաժելու միջոցառմանը: Պարբերաբար քաղաքացիներ էին այցելում այգի և պատրաստակամություն հայտնում ներկա գտնվել նախաձեռնությանը: Նախատեսված է, որ քաղաքացիները չպետք է միջամտեն ապամոնտաժմանը, պարզապես իրենց ներկայությամբ պետք է սատար կանգնեն միջոցառումն իրականացնողներին: Ենթադրվում է, որ այսօր այգին բազմամարդ է լինելու, և վերջապես ապամոնտաժվելու են «բուտիկները»: Թերթը տեղեկացել է նաև, որ թեև քաղաքապետարանը և ոստիկանությունը հայտարարում են, թե սեփականատերերի իրավունքը պաշտպանելու են, սակայն, իր տեղեկություններով, այժմ բանակցություններ են գնում կրպակների սեփականատերերի հետ. նրանց այլընտրանքային տարածքներ են առաջարկում մայրաքաղաքի կենտրոնում: Եվ հնարավոր է, որ իսկապես այգին ազատագրվի այդ կառույցներից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձև է տարածվել: Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում և վաճառում է որպես մետաղ: Թերթը փորձել է լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնանան հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն չի հաջողվել պաշտոնապես որևէ պարզաբանում ստանալ: Աշխատանքային ժամն ավարտվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում