Իլհամ Ալիևի հերթական «մուղամը»

Զարմանալ միայն կարելի է Իլհամ Ալիևի հոգեկան «տոկունության» վրա: Մարդը մշտապես, եթե ոչ ամեն ժամ, ապա ամեն օր, խոսում է «փիս» հայերից, ղարաբաղյան հարցից ու մեր տնտեսությունից: Մեկ ուրիշը լիներ նրա փոխարեն, անկասկած կհայտնվեր հոգեբուժարանում:

Առանց հաշվի առնելու միջոցառման ֆորմատը և ուղղվածությունը` լինի դա տնտեսական, միջազգային, սոցիալական կամ էլ տոնական, Ալիևը խոսում է հայերից և «օկուպացված տարածքներից», հիշեցնում ՄԱԿԱԽ ընդունած բանաձևերը (նշենք որ, Բաքուն ինքը չի կատարել այդ բանաձևերից և ոչ մեկը՝ բացի հրադադարի կնքումից: Հենվելով ուժի վրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեկ տարի շարունակ ձգձգել է ռազմական գործողությունների դադարեցման պրոցեսը, այսպիսով՝ ձախողելով ՄԱԿ ԱԽի ընդունած բանաձևերի առանցքային դրույթները: Արդյունքում՝ 1993 թվականի նոյեմբերի կեսերից սկսած՝ ՄԱԿ ԱԽ-ն դադարեց Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր ընդունել):

Իլհամ Ալիևի գլխավորությամբ տեղի ունեցող տնտեսական խորհրադաժողովների հիմնական թեման Հայաստանի «թշվառ» և «մեռնող» տնտեսությունն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը սեփական տնտեսություն չունի և երկրի տնտեսագետները զբաղված են լոկ հայկականի վերլուծությամբ: Միջպետական հանդիպումներին Ադրբեջանի նախագահի «բրենդը» հայկական ղարաբաղյան թեման է: Ընդ որում, այդ հակահայկական հայտարարություններն ու տեսակետները գնալով ավելի ագրեսիվ ու ցնորական են դառնում. «հայկական» ընկճախտն այլևս կրտսեր Ալիևին գամել է իր իսկ ստեղծած զառանցական քաղաքականության քարտեզին:

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի նախագահը ռազմաշունչ հռետորաբանությունից անցում է կատարել ռազմաշունչ հիստերիկաբանության: Ինչի մասին վկայում են նրա հայտարարությունները ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու, իսկ վերջերս` հայ պատգամավորների և ընդհանրապես հայերի մասին: Մինչ այդ Ադրբեջանի համար «աշխարհում թիվ մեկ թշնամիները» համարվող հայերը, որոնց հետ «հարցերը լուծելու համար» կա միայն մեկ տարբերակ` պատերազմը, դարձան ֆաշիստներ (այս հիստերիան գրանցվել է ապրիլի 3-ին, երբ Ալիևը որոշեց «Եվրանեսթի» հարթակն օգտագործել կոշտ ելույթի համար):

Ալիևի նման «հայամոլ» պահվածքը վկայում է հետևյալ իրողությունը` հիշյալ անձը գործում է ողջամտության սահմաններից դուրս ու ունի հոգեկան լրջագույն շեղումներ: Ադրբեջանի նախագահը, մոռանալով սեփական երկրի ներսում տիրող բազմաթիվ ակնբախ խնդիրների, ինչպես նաև՝ նավթադոլարային տնտեսության կնճիռների, հասարակության սոցիալական պայմանների և զինված ուժերի ողորմելի վիճակի և այլնի մասին, իր կյանքը «նվիրաբերում» է հայերին:

Պարզ է մի բան` պարտվածի բարդույթից Ալիևը և երկրի ռազմաքաղաքական վերնախավը այսկերպ են ձգտում ձերբազատվել: Այնինչ` երկրի ներսում կուտակվել են ահռելի չափի հասնող կործանաբեր երևույթներ, որոնք կնաբարո հիստերիկայով չես կարող քողարկել:

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում