Սերժ Սարգսյան. «Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է»
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, տեղեկացնում են Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՊՀ ուսանողության հետ հերթական հանդիպումը, որն այս անգամ կայանում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամականաշրջանում, երբ հանրապետության առաջատար քաղաքական ուժերը ժողովրդին են ներկայացնում իրենց ծրագրերը, լավ հնարավորություն է անկաշկանդ մթնոլորտում երիտասարդության հետ քննարկելու ՀՀԿ-ի պատկերացումները մեր պետության և նրա ապագայի, ամենատարբեր բնագավառներում առաջիկա անելիքների վերաբերյալ.
«Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերևս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են և շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով՝ կարողանում են ավելի լավ ու օգտակար խորհուրդներ տալ»,-ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ:
Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք զինվորը գնում է մարտի, և եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողնանաք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, և բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին, դուք՝ երիտասարդներդ պետք է պատրաստ լինեք, որովհետև այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին:
Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ»,-պատասխանել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ասվածի լավագույն վկայություն ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին, որ դարերի ընթացքում հաղթահարելով բազում փորձություններ, մշտապես նորն ու առաջատարն ընկալելու, ընդունելու և սերունդներին փոխանցելու հատկանիշի շնորհիվ կարողացել է այդ գոյապայքարում հաղթող դուրս գալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում