Ադրբեջանագետ. «Ադրբեջանի զենքի ձեռքբերումն ազդանշան է Մերձկասպյան երկրների համար»

«Որոշակի ուժեր Արևմուտքում փորձում են Ադրբեջանին ներքաշել Իրանի դեմ գործողությունների մեջ, իսկ Ադրբեջանը ակնհայտ չի կարող դեմ դուրս գալ Իրանի դեմ»: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նկատի ունենալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից մեծ ծավալի ռազմական տեխնիկայի ձեռքբերումը՝ բանախոսը նկատել է, որ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են ստեղծում, որ այդ երկրները պատրաստվում են պատերազմի:

«Ադրբեջանի զենքի ձեռքբերումն ազդանշան է Մերձկասպյան երկրների համար, և Ռուսաստանը նույնպես պետք է անհանգստություն ցուցաբերի»,- ընդգծել է ադրբեջանագետը՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև բացահայտ բախում չի լինի:

Ասուլիսի մյուս բանախոս, իրանագետ Նվեր Դավթյանն իր հերթին հիշեցրել է Ադրբեջանը Պաշպանության նախարարության մակարդակով արված այն հայտարարությունը, որ իրենք չեն պատրաստվում այդ տեխնիկան օգտագործել Իրանի դեմ:

«Ամեն դեպքում Իրանի համար այս ամենը մտահոգիչ է: Ադրբեջանը միայնակ չի կարող դիմակայել Իրանին և իր հայացքն ուղղել է դեպի ամերիկյան բլոկի երկրները, հատկապես՝ դեպի Իսրայելին»,- շեշտել է Ն.Դավթյանը՝ տեսակետ հայտնելով, որ Ադրբեջանը կարող է ձեռք բերած զինտեխնիկան գործածել ցանկացած դեպքում, սակայն արդյունավետ չէ` Հայաստանի պարագայում:

Ս.Ասատրյանը նույնպես նկատել է, որ այդ զինատեսակների օգտագործումը Հայաստանում նպատակահարմար չէ, և դա պարզապես ազդանշան է Ռուսաստանին, որն ամրացնում է  իր դիրքերը տարածաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում