Թերթերն այսօր. Ի՞նչ նոր քարոզչական հնարքներ են ի հայտ գալիս և ինչու՞ են հետապնդում ԵՊԼՀ ռեկտորին

Ընտրություններ.

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում  է, որ Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքում, ուր պատգամավոր դառնալու հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, ժառանգական Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը, օր օրի նախընտրական իրավիճակն էլ ավելի է թեժանում: «ՉԻ» տեղեկություններով, երեկ Աջափնյակում, «ձայներ փախցնելու» գործընթացի ժամանակ իրար են «բախվել» ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական ակտիվիստները, որոնց հիմնական կռվախնձորը Հալաբյան թաղամասում մարդկանց ցուցակագրելու, այսինքն` «ձայն հավաքելու» խնդիրն է եղել: Կռվի «տոն տվողը» ՀՀԿ-ական ակտիվիստ Կարենն է եղել, որը շրջանառվող լուրերի համաձայն, սկանդալ է սարքել ԲՀԿ-ական այն երիտասարդների հետ, որոնք փորձել են այդ տարածքում քարոզչական աշխատանքներ իրականացնել: Օրվա երկրորդ կեսին`երկու կողմից էլ բարձրաստիճան դեմքերի միջամտության արդյունքում` ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների միջև ծագած կոնֆլիկտը հարթվել է: Եվ չնայած սրան` այստեղ ևս ընտրական լարված մթնոլորտը ամեն պահի կարող է «պայթել»:

Ըստ «Հրապարակ» թերթի՝ Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները` նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստւսընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են և քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը և պլանավորել ենք»: Այսինքն` ուզում եք ասել ՀՀԿն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով` 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Թերթի հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴին և ԲՀԿին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»:

«Ժողովուրդ»-ի տվյալների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿի ու ԲՀԿի հարաբերությունները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿի կողմից թեկնածու չառաջադրելու հանգամանքին, ասել է. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել: Եվ հետո, ինչո՞ւ միայն այդ ընտրատարածքում, ևս 3 ընտրատարածքում էլ չունենք թեկնածու, միայն դա չէ: Փոխարենը մյուս ընտրատարածքներում ունենք առաջադրված թեկնածուներ: Եվ, բացի այդ, մեզ համար կա 1 ընտրատարածք` դա Հայաստանի Հանրապետությունն է»:

Զարմանահրաշ քարոզարշավը շարունակվում է.

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ խորհրդարանական քարոզարշավ 2012-ը գնալով առավել հետաքրքիր է դառնում «նյու հաուներով»: Քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրինաց երկիր» կուսակցությունը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Այն, ինչ անում է սույն կուսակցությունը հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պրիմիտիվ հնարք: ՕԵԿ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ իրենք մշակել են քարոզչական հնարքի մի եզակի նմուշ: Թերթի տեղեկություններով` ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում ու քաղաքներում «հավաքագրել» այն հեղինակություններին և կիսահեղինակություններին, որոնք կարող են իքս քանակի ձայներ բերել: «Հավաքագրումից» հետո նրանք նախարարի հրամանով «նշանակվում են» գոյություն չունեցող պաշտոններում: Ավելին` նախարարություններում նրանց սենյակ է հատկացվում, ապա ասվում է, որ մայիսի 6-ից հետո մեծ հրաշքներ են սպասվում «պաշտոնի» բարձրացման ուղղությամբ: Շատ դեպքերում նաև խոստանում են ավտոմեքենայի բանալիներ և աշխատակազմ:

Թերթը ավելացնում է նաև, որ ՕԵԿ-ում քաջ գիտակցում են` ինչքան էլ իրենց ղեկավարը օրվա մեջ մի քանի անգամ հավատարմության երդում տա ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն հատուկ եռանդ չի ներդնելու ՕԵԿ-ի համար «թիվ ապահովելու» գործում:

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Սյունիքում քաղաքական պայքարը գնալով հետաքրքրաշարժ է դառնում: Այստեղ քարոզարշավը զուռնա-դհոլով է անցկացնում ՕԵԿ-ը: Նման քարոզարշավային ոճը նորաթուխ ՕԵԿ-ական, ՊՆ մամուլի նախկին խոսնակ, գորիսեցի Դավիթ Կարապետյանի գաղափարն է: Թերթի տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Գորիսում նա համերգներ է կազմակերպում` հայտնի երգիչների ու դերասանների մասնակցությամբ: Ասում են` ՊՆ նախկին մամլո խոսնակի բոցաշունչ ելույթները գորիսեցները բուռն ծափերով են ընդունում: Ոգևորությունը կրկնապատկվում է Արթուր Ումրոյանի երգերի ունկնդրության ժամանակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում իշխանական թեկնածուի` Հայկ Գրիգորյանի հանդիպումներն այնքան էլ հարթ չեն անցնում: Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համարվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն: Սակայն Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը ՀՀԿ-ի թեկնածուի հետ հանդիպմանը գովել է մեկ այլ թեկնածուի` Թաթուլ Հակոբյանի արժանիքները`հայտարարելով. «Ինչ արած, պետական շահը ստիպում է ընտրել Հայկ Գրիգորյանին»:

Զարմանազան.

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ հանկարծ խիստ նկատողություն հայտարարվեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին, երբ տառացիորեն իրենց աշխատանքից հեռացման են արժանի այն բուհերի ռեկտորները, որոնք իրենց ուսանողներին քշում-տանում են ՀՀԿ միջոցառումներին: Պատկերացնո՞ւմ եք, բուհի ռեկտորին ողջ ուսանողության առաջ նկատողություն հայտարարես մի քանի բացակայությունների համար և այն էլ, ինչպես հետո է պարզվում` հարգելի: Նկատենք` մենք դեռ չենք ասում մեկ-երկու բացակայության համար նկատողություն անել մի մարդու, որ այնքան մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության կերտման, նոր սերնդի դաստիարակության գործում, այլ ընդամենը ընդգծում ենք` բուհի ռեկտորին:

Որոշ կայքեր արդեն տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ ԵՊԼՀ-ի դեմ գործարք է հասունանում, որ նախապատրաստվել է վարչապետի անմիջական մասնակցությամբ: Ահա այն. «Հավաստի աղբյուրների համաձայն, այս դեպքում Արմեն Աշոտյանը գործում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, իսկ ավելի ճիշտ` հենց նրա հանձնարարությամբ: Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է լուծարել Հայաստանի լավագույն բարձրագույն հաստատություններից մեկը և այն միացնել Հայկական մանկավարժական համալսարանին, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքն էլ վաճառել»: Հավատա՞նք: Առանց կրակ ծուխ չի լինում, չէ՞: Լավ, մի՞թե ուրիշ կերպ հնարավոր չէ, մի՞թե յուրաքանչյուր հարց մեզ մոտ պետք է լուծվի տակից, թաքուն, իրար բզկտելով: Նույնը չէ՞, ինչ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր անում` արվեստի ուսումնարաններ միացնել-զատելով: Աշոտյանը, սակայն, Պողոսյանի չափ համեստ չէ ու ոչ էլ դաստիարակության շարունակականության թեզին է հետևում: Նրա համար ինչ Սուրեն Զոլյանը, ինչ ԿԳ նախարարության շենքի անբարեխիղճ էլեկտրիկը: Պըլտ, և նկատողությունը պատրաստ է: Իսկ սա շատ ցավալի է ու ստիպում է մտածել, որ ոչ թե ԿԳ նախարարության էլեկտրիկը, այլ Աշոտյանն իր տեղում չէ: Հայտնվել է այնտեղ, այո, բայց իր տեղում չէ»:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բանակում արձանագրվող ինքնասպանություններին, ասել է. «Հասարակության, այսօրվա երիտասարդների մեջ այսպիսի մի բան կա. սուտ ասելը երիտասարդների մեջ անընդունելի է: Եթե մի անգամ ինքը սուտ է ասել, և իր ընկերներն իմանում են այդ մասին, ապա ինքը դառնում է երկրորդ կարգի մարդ: Պետք է զինվորներին բացատրենք, որ դա սխալ է: Երկրորդ պատճառն այն է, որ զինծառայողն ընկնում է որոշակի պայմանների մեջ և անթույլատրելի է համարում ծառայելն իր համար: Ինքը գտնում է, որ այդ պահին ավելի լավ է ինքնասպան լինի, քան այդ տանջանքները երկու տարի կրի: Սա անընդունելի է բանակում: Այսինքն` զուտ բացթողումների հետևանք է, որ զինվորը գերադասում է ինքնասպան լինել, քան` ծառայել: Նրանք այն մարդիկ են, ովքեր թուլամորթ են և գնում են այդ գործողություններին:

Բայց նաև ունենք հանցանքների տարբեր տեսակներ, երբ նվաստացնողին են գնդակահարում, սպանում: Սենք ունենք նաև այդպիսի դեպքեր, ինչպես, օրինակ, այս տարվա Մարտակերտի դեպքը, երբ զինվորն իր ընկերոջը «քֆուր» տալու համար գնդակահարեց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում