Քննարկվել է հայ-բրիտանական քաղաքական երկխոսությունը խթանելու հնարավորությունները

Ապրիլի 18-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպեց Համայնքների Պալատի խոսնակ Ջոն Բերկովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համայնքների Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Դեսպան Ղազինյանը ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, ինչպես նաև տեղեկացրեց խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով Հայաստան-ՄԹ 20-ամյա հարաբերություններին` կողմերն արձանագրեցին, որ դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվել երկու երկրների միջեւ առկա ներուժը` հույս հայտնելով, որ առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկվեն երկկողմ քաղաքական երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Այս համատեքստում դեսպան Ղազինյանը կարևորեց միջպետական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող խորհրդարանական կապերը, որոնք լուրջ դերակատարություն կարող են ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում