Բրազիլիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին մասնակցելու համար Բրազիլիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայբրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցը, հայբրազիլական տեխնիկական համագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրեց, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի կրել, և իր երկիրը շարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը:

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ գոհունակություն հայտնելուց հետո կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ:

Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման կարևորությունը: Հատուկ նշվեց բարեկամության խմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանում պաշտոնապես վերակազմավորվել է «ԲրազիլիաՀայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր, հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկած կվերակազմավորվի «ՀայաստանԲրազիլիա» խումբը և հավաստիացրեց ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում