Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

Այսօր՝ ապրիլի 23-ին, նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: Այն հռչակվել է 16 տարի առաջ՝ 1995-ին, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովին:
Ինչպես տեղեկացնում է «Yerevan2012.org» կայքը, այդ որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալմշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելը, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, ինչ Երևանում և հանրապետության մարզերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Այս տարի Գրքի համաշխարհային օրը նվիրված է թարգմանությանը: Դա կապված է նրա հետ, որ 2012թ-ին լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեեստրի ինդեքսի 80-ամյակը: Այսօր այդ գրանցման ռեեստրում կա աշխարհի 148 երկրների մոտ 500 հազար հեղինակների, 78 հազ. հրատարակիչների ստեղծագործություններ:

Տվյալների որոնման այս եզակի բազայում պահպանվում են համաշխարհային գրողների ստեղծագործությունների թարգմանությունները: Օրինակ` առավեել շատ թարգմանություններ կան Ագաթա Քրիստիի, Ժյուլ Վեռնի և Շեքսպիրի ստեղծագործություներից: Իսկ ամենաշատ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում