Հայոց Մեծ Եղեռնի զոհերը հիշատակվել են Բուլղարիայում, Գերմանիայում, Վրաստանում և Լիբանանում

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներ կազմակերպվում են աշխարհի տարբեր անկյուններում:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ապրիլի 21-ին Սոֆիայի «Լյումիեր» դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող  փաստեր և տեսանյութեր։

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և ՎՄՌՕ (Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն) կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանուանդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչևի և Սլավի Բինևի ուղերձները։

Ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ ՕզդեմիրըՆա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց Ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ ալեվիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը (ԳԴՀ-ում բնակվում են մոտ 800,000.00 ալեվիտներ): Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության` Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք: 

Ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը: 

Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: 

Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարեց հայկական և եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ և նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» եւ «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների աջակցությամբ Թբիլիսիում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործությունները: 

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան, որը կատարվեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ: 

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայ  Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդին` Սրբազան հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի և տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է:

Լիբանանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ի երեկոյան Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո» Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև: Միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորնեը, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի և պարախմբերի կատարմամբ:

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ և  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված և որբանոցում մահացած  հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահեն Մեղրյան» մասնաճյուղի քարոզչական հանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ» եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման երեկո:

Նույն օրը Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Ճանաչումից հատուցում – հետևողական, կազմակերպված և հավաքական կամքով» աշակերտական ոգեկոչման երեկո: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտի բացումը:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը կազմակերպել էր երաժշտական երեկո: Ելույթ է ունեցել Աթենքի ակադեմիայի «Eleni Myconiou» մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլյանը:

Ապրիլի 21-ի երեկոյան ՀԲԸՄ-ի Կրթական հանձնախմբի հովանավորությամբ ՀԲԸ Միության վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փյունիկի Սլացք» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-ամյակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում