Հ.Դեմոյան. «2015 թ. խորհրդանշական սահմանագիծ է, բայց դրանով ոչինչ չի սահմանափակվում»

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին անցած մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները:

Թանգարան-իստիտուտի ղեկավար  Հայկ Դեմոյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից կազմվել է հատուկ հանձնաժողով, որն արդեն սկսել է իր գործունեությունը. «Շուտով կկայանա երկրորդ նիստը»:

«Այս տարի հիմնականում շեշտը դրել ենք շարժական ցուցադրությունների մշակման, պատրաստման և տարբեր երկրներում ցուցադրման վրա»,- նշել է Հ.Դեմոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ վաղը ՀՀ նախագահին ներկայացվելու է ՀՑԹ-ի նոր մասնաշենքերի նախագիծը, որի կառուցման համար ֆինանսական միջոցներ արդեն կան, շինարարությունը կսկսվի այս տարվա մայիսին և նախատեսվում է ավարտել 2014 թ.-ին:

«2015 թ. խորհրդանշական սահմանագիծ է, դրանով ոչինչ չի սահմանափակվում: 2015 թ.-ին անշուշտ կլինեն բացառիկ միջոցառումներ, բայց ես կասկած չունեմ, որ այդ թվականը զուտ սիմվոլիկ է, և չկա մի փաստաթուղթ, որը սահմանափակում է մեր հնարավորությունները դրանից հետո: Բայց մեր հիմնական նպատակը բարձրաձայնել և պայքարելն է նաև ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ: Մենք պետք է ընդհանուր ռազմավարություն մշակենք և ցեղասպանության թեման հասցնենք աշխարհի բոլոր մարդկանց»,-ընդգծել է Հ.Դեմոյանը:

Ասուլիսին ներկա էին նաև անգլիացի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով 2010թ. հրապարակել է «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ հաղորդեց կորած համարվող և բոլորովին վերջերս պատահաբար հայտնաբերված Բոդիլ Բյորնի՝ 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները նկարագրող ձեռագիր հուշագրության մասին:

Ասուլիսի վերջում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՑԹԻ ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ջեֆրի Ռոբերտսոնին և Յուսսի Բյորնին պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում