Առգրավումների նոր ալիք. Դատարանն արգելափակել է Ծառուկյանի 17,6 հեկտար հողատարածքները Առինջում

Առգրավումների նոր ալիք. Դատարանն արգելափակել է Ծառուկյանի 17,6 հեկտար հողատարածքները Առինջում

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կոտայքի մարզի դատախազության միջնորդությունները և արգելանք դրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նրա կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին, ինչպես նաև «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ համայնքում գտնվող ընդհանուր 17,676 հեկտար մակերեսով գյուղատնտեսական հողատարածքների վրա: Դատավոր Լիլի Դրմեյանի որոշմամբ՝ պատասխանողներին արգելվել է օտարել, գրավադրել կամ որևէ կերպ փոխել նշված գույքերի փաստացի ու իրավական վիճակը: Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2003 և 2015 թվականներին իրականացված աճուրդներն ու առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:

Այս գործընթացը Ծառուկյանի ակտիվների պետականացման լայնածավալ շղթայի հերթական փուլն է: Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ծառուկյանը ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին երկամսյա կալանքի ենթարկվել խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով: Դրանից հետո իրավապահները խուզարկություններ էին իրականացրել շուրջ 80 հասցեներում, իսկ դատարանի որոշումներով պետությանն էին փոխանցվել «Արարատցեմենտ»-ի, Multi Wellness համալիրի և այլ ընկերությունների բաժնետոմսերն ու կառավարումը: Նիկոլ Փաշինյանն ավելի վրա հայտարարել էր, որ Ծառուկյանի առանձնատունը նույնպես վերադարձվելու է պետությանը և մինչև 2031 թվականը վերածվելու է տարեցների խնամքի կենտրոնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում