Զ.Փոստանջյան. «Քարոզարշավում դրականը բազմակարծությունն է և էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումը»

Հայաստանի գյուղերը լքված են ու դատարկ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզեր կատարած այցելություններից իր տպավորություններով կիսվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մարզի բնակիչները մեզ գրկաբաց են ընդունում: Նրանք բոլորը բարի, բայց միևնույն ժամանակ հուսալքված դեմքեր ունեն»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ «Ժառանգության» հաղթանակի դեպքում կարվի հնարավոր ամեն ինչ արտագաղթի կանխման ուղղությամբ:

Պատգամավորի խոսքերով՝ մարզերում առաջնային խնդիրը գործազրկությունն է: Զ.Փոստանջյանը նաև ընդգծել է, որ խորհրդարան մտնելով՝ նա առաջինը փորձելու է լուծել դատական համակարգի խնդիրները:

«Ամենակարևորը դատական համակարգն է, որ այսօր գոյություն չունի, դատարանները կատարում են նոտարական գրասենյակի դեր, և սպասարկում են որոշակի խմբի շահերը, իսկ ինչ վերաբերվում է աշխատատեղերին, մեր ժողովուրդը ինքը կարող է իր համար աշխատատեղեր ապահովել, եթե դրա համար նախադրյալներ ստեղծվեն»,- նկատել է բանախոսը:

«Ժառանգության» ներկայացուցիչը խոսել է նաև քարոզարշավի ժամանակ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերից՝ նշելով, որ բարեգործության անվան տակ ընտրակաշառքի բաշխում է տեղի ունեցել, սակայն «իրավապահ մարմինները դեռևս չեն արձագանքել այդ խախտումներին»:

Որպես օրինակ՝ Զ.Փոստանջյանը վերջին դեպքերից նշել է տրակտորների, մուրաբաների բաժանումը տարբեր կուսակցությունների կողմից: «Ընտարակաշառք վերցնելը նշանակում է մահապատժից առաջ մի փոքր հաց ուտել, բայց մեր քաղաքացիները հասկանում են, որ կարող են նույնիսկ այդ փշրանքները վերցնել, բայց քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին»,- կարծում է պատգամավորը:

Անդրադառնալով քարոզարշավի դրական կողմին՝ Զ.Փոստանջյանն ասել է. «Դրականը բազմակարծությունն է և էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումը: Ես ինքս դիտարկում չեմ անցկացրել հեռուստաընկերությունների առումով, սակայն արտառոց դեպքեր լինելու դեպքում ես անպայման կբարձրաձայնեմ»:

ԱԺ պատգամավորը նաև տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը պատրաստ է նաև «չընտրությունների»: «Մենք պատրաստ ենք «չընտրությունների», և պատրաստ ենք նաև ապստամբության, դրա բոլոր նախադրյալները կան, և եթե լինեն «չընտրություններ», ապստամբությունը ինքնաբերաբար կծագի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում