Դեսպան Փոլադյանը սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթի հետ հարցազրույցում խոսել է Հայոց Ցեղասպանությունից

Ապրիլի 24-ին սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթը տպագրել է ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի ծավալուն հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով` ՀՀ դեսպանը, հատկապես, անդրադարձ է կատարել 19-րդ դարի երկրորդ կեսից, մանավանդ Սուլթան Աբդել Համիդի ժամանակաշրջանում /1894-1896թթ./ իրականացված ջարդերին, որի զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրել է 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի ոճրագործությունները, որի զոհ դարձան 1.5 մլն. հայեր:

ՀՀ դեսպանը դատապարտել է նաև Թուրքիայի թե´ նախկին, և թե´ ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ դրանով նրանք խուսափում են իրենց նախնիների իրականացրած զարհուրելի ոճրագործությունների ողջ պատասխանատվությունից:

Բացի այդ հեղինակն անդրադարձել է հայ-արաբական հակաօսմանյան պայքարին և արաբների, մասնավորապես սիրիացիների` հայությանը օթևան տալուն և մարդասիրական վերաբերմունքին: Այլևայլ հարցերի թվում Արշակ Փոլադյանն անդրադարձել է արաբական երկրներում արաբ գիտնականների կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրման խնդրին:

Բարձր գնահատելով արաբների անգնահատելի դերը մեր ժողովրդի պատմության ամենաօրհասական պահին` դեսպան Փոլադյանը հույս է հայտնել, որ բարեկամ Սիրիայի` մոտ ապագայում ձևավորվող նորընտիր խորհրդարանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը` դրանով իսկ մարդասիրական պարտքը կատարելով Սիրիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից նահատակված հազարավոր հայերի հիշատակի նկատմամբ:

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են սիրիական թե´ տպագիր և թե´ էլեկտրոնային մամուլի ու հեռուստատեսության կողմից:

Ապրիլի 24-ին սիրիական հեռուստատեսությամբ հատուկ թողարկում է հեռարձակվել Հայոց ցեղասպանության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում