Թշնամին շարունակում է ինտենսիվ խախտել հրադադարը. երկու զինվոր վիրավորվել են
Նմանատիպ
Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի սահմանին հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում արցախյան կողմն ունեցել է վիրավորներ, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Մասնավորապես, ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:
«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան»,- ասվում է հայտարարության մեջ: