Ոստիկանությունը հրապարակել է Ընտրողների ռեգիստրի տվյալները. 10 օրում ընտրողների թիվը պակասել է 355-ով

Ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 26-ի դրությամբ: Ապրիլի 16-ին հրապարակած թվի համեմատ ընտրողների թիվը նվազել է 355-ով:
Աղբյուրի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից.
– այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 3408.
– ՀՀ֊ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 168.
– քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 18.
– ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 65։
Նշենք, որ ապրիլի 16-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.482.593 մարդ, իսկ ապրիլի 6-ին` 2.482.739 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում