Նկարիչների միությունում բացվել է Մարտիրոս Բադալյանի աշխատանքների՝ շատ խոսուն ցուցահանդեսը
Նմանատիպ
Նոյեմբերի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Բադալյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում, որը կրում է «Իմ միջավայրն իմ ներկապնակն է» խորագիրը, ներկայացված են նկարչի ավելի քան 300 աշխատանքներ։
Ցուցահանդեսի բացման իր խոսքում Մարտիրոս Բադալյանը նշել է, որ աշխատանքները կարելի է բաժանել երեք թեմատիկայի: Առաջին խմբի թեմատիկան ներառում է «Ոչ պատերազմին» շարքի մեծածավալ աշխատանքները։ Վարպետն այս թեման և՛ հին, և՛ արդիական է համարում։ Իր խոսքում նա նշել է, որ եռաչափ մոդելներով, օգտագործած նյութերի ցուցադրությամբ արտահայտել է իր պահանջները, կոչերը և տխրությունը։
«Աշխատանքների հաջորդ խումբը միավորում է «Մեղեդիներ» շարքի յուղաներկ նկարները և կոլաժները: Աշխատանքների մեծ մասը նվիրված է հայկական և համաշխարհային երաժշտության մեծանուն ներկայացուցիչների մեծարմանը, կանանց և սիրո թեմաներին»,- նշեց նկարիչը:
Երրորդ խումբը «Ինքնանկարներ» շարքն է, որոնք արտիստի աշխատանքային գործունեության առավել նոր ուղղությունն են, որտեղ արտաքին «ես»-ն ուղիղ երկխոսության մեջ է վերամշակված և կրկնօգտագործված առարկաների նյութականության հետ։
Ցուցահանդեսի բացման արարողությանը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց նկարչի անհատական ցուցահանդեսի երկու ցուցասրահները․ «Առաջին ցուցասրահում կարող ենք ականատես լինել մտքերի, տարբեր իրավիճակների, զգացումների արտահայտչամիջոցները, իսկ արդեն երկրորդ հարկում ինքնադիմանկարների տեղատարափ է ուղղակի․ անասելի քանակություն, բայց ամեն մեկը յուրովի ու հետաքրքիր մի ապրում, որն ունեցել է հեղինակը»։
Նշենք, որ վուվահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 4-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում