Բաքվում առաջարկում են Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը

Բաքվում առաջարկում են Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու առաջարկով է հանդես եկել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ջահիդ Օրուջը։ Պատգամավորի խոսքերով, բանակցություններն արտաքին միջամտություննից և ինտրիգներից պաշտպանելու այլ միջոց չկա։ Սակայն վերջինս չի հստակեցրել, թե ով է փորձում միջամտել գործընթացին։

«Պրահայից կամ Սոչիից ավելի մոտ և անվտանգ են Բաքուն, Երևանն ու Անկարան։ Երեք երկրների մայրաքաղաքներում  Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի  հանդիպումը միակ ելքն է։ Ազգերը չեն կարող հավերժ ապրել պատերազմական և թշնամական վիճակում»,- փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները պատգամավորի խոսքերը։

Նշենք, որ հայկական կողմից էլ տեղեկացնում են այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչ տարեվերջ։ «Ինչ վերաբերում է  երկրների ղեկավարերի կամ արտաքին գործերի նախարարների մակարդկավով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,-  լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Աղաջանյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների։

«Այսինքն, կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների։ Կարծում եմ՝ «փաստաթուղթ» սխալ է անվանել։ Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո՛, ճիշտ է, հայկական կողմը  ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում