Սոց.հարցում. Ընտրողների վստահությունը ՀՀԿ-ի նկատմամբ աճել է 5%-ով
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Gallup սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպության անդամները ներկայացնում էին «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրությունը:
Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն ներկայացրեց երկրորդ փուլի` ապրիլի 16-22-ի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ ժողովրդի ամենաշատ աջակցությունը վայելում են երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:
Ըստ վերջին տվյալների՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 39 տոկոսը (այս ցուցանիշը նախորդ հարցման հետ համեմատ աճել է 5%-ով) կամ` հավանական ընտրողների 42 տոկոսը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ընտրողների 26 տոկոսը (այս ցուցանիշը նախորդից նվազել է 2%-ով) և կամ՝ հավանական ընտրողների 28 տոկոսը:
«Նախընտրական քարոզարշավն արդեն հասել է վերջնամասին և արդյունքները զգացվում են նաև սոցհարցումներից: Երկու առաջատար կուսակցության հիմնական տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ին վստահում են Երևանում և այլ խոշոր քաղաքներում, իսկ ԲՀԿ-ին մարզերում և հիմնականում փոքր քաղաքներում ու համայնքներում: Միաժամանակ ԲՀԿ-ի թվում ավելի շատ են երիտասարդները»,- նկատել է Ռ.Ալիշաուսկենեն:
Բանախոսը նաև հավաստիացրել է, որ հարցման արդյունքները խորհրդարանում տեղեր են խոստանում ևս երեք կուսակցությունների համար. դրանք են՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն: Իսկ «Ժառանգության» պարագայում հարցումները ցույց են տալիս, որ այն տատանվում է անցողիկ շեմին և վերջին օրերի քարոզարշավից է կախված այս կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու հարցը:
Տիկին Ալիշաուսկենեն նաև նշել է, որ հարցվածների 66 տոկոսը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ընտրել, իսկ 23 տոկոսը նշել է, որ հավանաբար, կմասնակցի ընտրություններին. «Հավանական ընտրողների մի զգալի մասը կողմնորոշված չէ, թե ում է ընտրելու, բայց նրանց ընտրության վերջնական ձևավորման համար դեռ կա ժամանակ, և նրանք դիտարկում են տարբերակները»:
Նշենք, որ սոցհարցումներին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 1015 բնակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում