Լեգենդար Բաղրամյանը հայրենասիրության օրինակ է
Նմանատիպ
Մեծանուն զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի 125-ամյակի առթիվ Երևանում անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցեց նաև մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը։
Մարշալ Բաղրամյանը արմատներով Արցախի Խաչիսար գյուղից էր և իր մարտական ուղին սկսվել էր մինչև 1915թ․-ը։ Նա Սարդարապատի հերոսամարտի մասնակից էր, իսկ 1920-ին կամավոր միացել էր Կարմիր բանակին։
Մարշալը ռազմական կրթություն է ստացել և ավարտել Սանկտ Պետերբուրգի հեծելազորային դպրոցը, այնուհետև՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հովհաննես Բաղրամյանի անվան հետ են կապված Հայրենական մեծ պատերազմի նշանակալի հաղթանակները՝ «Կուրսկի կամարի» լեգենդար ճակատամարտը, «Բագրատիոն» գործողությունը, Քյոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) հարձակումը, Օրլի և Վիտեբսկի ազատագրումը։ Ստրատեգի հատուկ ձեռագրով նա կանխատեսում էր թշնամու գործողությունները, նրա ռիսկային ռազմավարությունները շրջեցին պատերազմի ընթացքը և էլ ավելի մոտեցրին Հայրենական Մեծ հաղթանակը:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Բաղրամյան փողոցում գտնվող զորահրամանատարի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Մարշալի կյանքի հետպատերազմյան շրջանի մասին պատմեց լեգենդար զորավարի թոռը՝ Իվան Բաղրամյանը։ Պատերազմից հետո լեգենդար զորահրամանատարը ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը: «Նա ոչ միայն ականավոր ռազմական և պետական գործիչ էր, այլև բարի ավագ ընկեր, հայր, պապ։ Մենք հպարտանում ենք և փորձում նմանվել նրան», – նշեց Իվան Բաղրամյանը։
«Բաղրամյանը հայրենասիրության, արիության ու հայրենիքին անսահման նվիրվածության օրինակ է ծառայել և ծառայելու է բազմաթիվ սերունդների համար», – նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Մենք հպարտ ենք, որ մեր փոքրիկ երկիրը կարողացել է տալ այնպիսի հրաշալի մարշալների, ինչպիսիք են Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը, Հովհաննես Իսակովը։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք Մարշալ Բաղրամյանին», – ընդգծեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը։
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ:
Տոնական միջոցառումների շրջանակում բացվեց հուշատախտակ, ըստ որի, Վետերանների միությունն այսուհետև կրելու է Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում