2022-ը ֆոտոշարքով․ 14 լուսանկարի պատմություն

2022-ը ֆոտոշարքով․ 14 լուսանկարի պատմություն

BBC-ն ներկայացրել է 14 լուսանկար, որոնք արտացոլում են 2022թ-ին մոլորակի տարբեր հատվածներում տեղի ունեցած իրադարձությունները։

Դրանք ընդգծում են անցնող տարվա կարևոր դեպքերը, որոնք ազդել են միլիոնավոր մարդկանց վրա։

1․ Ցույց ընդդեմ անօրինական ներգաղթի, Իկիկե, Չիլի, հունվար 2022թ.

Տղամարդը նստած է ծղոտե աթոռի վրա՝ հովանոցը ձեռքին, կարծես անտեսելով ապոկալիպտիկ ծխի սյունը, որը բարձրանում է մի քանի ոտնաչափ հեռավորության վրա այրվող անվադողերից, որոնք խոչընդոտում են մուտքը դեպի Իկիկե՝ Չիլիի հյուսիսում Բոլիվիայի հետ սահմանի մոտ գտնվող քաղաք, որտեղ ապօրինի ներգաղթի դեմ պայքարող խմբերը բողոքի ցույցեր են կազմակերպել։  Լուսանկարի հերոսը անխախտ հանգստության անհավանական օրինակ է:

Լուսանկարիչ՝ Դիեգո Ռեյես (AFP)

2. Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն իրանցի կանանց․ Ստամբուլ, Թուրքիա, Սեպտեմբեր, 2022թ․ 

Սեպտեմբերի 16-ին 22-ամյա իրանցի Մահսա Ամինին մահացավ Թեհրանի հիվանդանոցում կասկածելի հանգամանքներում։ Ոստիկանության վարկածի համաձայն՝ աղջիկը մահացել է սրտի կաթվածից, մյուսները պնդում են, որ աղջիկը բռնության է ենթարկվել, ինչը դարձել է մահվան պատճառ։  Մահսա Ամինիի մահը իրանում մեծ ընդվզման պատճառ դարձավ։ Կանայք ամբողջ աշխարհում սկսեցին կտրել իրենց մազերը՝ ի նշան Իրանի կառավարության կողմից նման վերաբերմունքի դեմ բողոքի:

Լուսանկարում Թուրքիայում բնակվող իրանցի Նասիբե Սամսաեին է, ով Ստամբուլում՝ Իրանի հյուպատոսության մոտ, կտրում է սեփական մազերը՝ ի համերաշխություն ցույցի դուրս եկած իրանցի կանանց։

Լուսանկարիչ՝ Յասիմ Ակգուլ (AFP)

3. Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմից լուսանկարված Կարինայի միգամածությունը, 2022 թվականի հուլիս

2022 թվականի հուլիսին NASA-ն հրապարակեց Կարինա միգամածության անհավանական լուսանկարը: Գերժամանակակից Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմից նկարահանված պատկերը, որը հիշեցնում է լեռների և հովիտների ալիքներ, թույլ է տալիս մեզ առաջին անգամ տեսնել տիեզերական այն միջավայրը, որում ծնվում են աստղերը։ Լուսանկարը լույսի արագությամբ տարածվեց համացանցում և դարձավ անցած ամառվա ամենամեծ իրադարձություններից մեկը։

Լուսանկարիչ՝ NASA 

4․ Անտառային հրդեհը ոչնչացնում է տուն Կալիֆոռնիայում, ԱՄՆ, 2022թ. հուլիս

Կալիֆորնիայում ամառային անտառային հրդեհների սեզոնի ընթացքում տները կուլ տվող բոցերի տեսարանը երբեք չի դադարում սարսափեցնել: Հուլիսի վերջից մոտ երեք շաբաթվա ընթացքում, այսպես կոչված, կաղնու հրդեհը նահանգի Մարիպոսա կոմսությունում ոչնչացրեց գրեթե 200 շինություն: Տան ինտերիերը հոշոտող բոցերի պատկերը դաժանորեն ազդեցիկ է: Ընտանեկան ճաշասենյակի սեղանի և աթոռների ուրվանկարները սատանայորեն թարթում են շոգի ցունամիի գրկում։

Լուսանկարը՝ Նոա Բերգեր (AP)

5. Ուկրաինացի զինվորները շախմատ են խաղում Մոլոտովի կոկտեյլներով, Կիև, Ուկրաինա, 2022թ. մարտ

Բնականաբար, 2022թ-ը պատմության էջերում առավել շատ կհիշվի Ուկրաինայում սկսված պատերազմով, որը մինչև օրս չի ավարտվել և շարունակում է մարդկային ճակատագրեր կործանել։ Խիստ սիմվոլիկ լուսանկար է, որտեղ զինվորները շախմատ են խաղում մահվան գործիք հանդիսացող Մոլոտովի կոկտեյներով։

Լուսանկարը՝ Քրիս Մըքգրաթ (Getty Images)

6. Ցուցարարները բողոքում են Չինաստանում Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների դեմ, Հոնգկոնգ, 2022թ, նոյեմբեր 

Մարդկությունը պանդեմիայի բռնկումից 2 տարի անց կարծես սովորել է ապրել Covid-19-ի հետ կողք կողքի․ Շատ երկրներում դադարել են սահմանափակումներ ու հատուկ միջոցառումներ իրականացնել, բայց ոչ Չինաստանում։

Այս երկրում անցած նոյեմբերից կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել, որտեղ արդեն շուրջ 250 մլն․ վարակման դեպքեր են արձանագրվել։ Չինական իշխանությունները շարունակում են անզիջում պայքարը վիրուսի դեմ՝ սահմանելով ամենախիստ սահմանափակումներ։ Դրանք էլ իրենց հերթին բուռն հակազդեցության պատճառ են դարձել հասարակությն մեջ։

2022 թվականի նոյեմբերին ցուցարարները, իրենց դեմքի առջև դատարկ թղթեր պահած, դուրս եկան Չինաստանի շատ քաղաքների փողոցներ և հրապարակներ՝ բողոքելու երկրի անզիջում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։

Լուսանկարը՝ Էնթոնի Կվան (Getty Images)

7․ Վանականները մաքրում են մայթը Կատմանդուում, Նեպալ, 2022 թվականի փետրվար

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի հարավ-արևելքում գտնվող Գոդավարի բուդդիստական վանքին կից ճանապարհը մաքրող երեք նորաթուխ երիտասարդ վանականների լուսանկարը շատ սիմվոլիկ է, որը խորհրդանշում է գլոբալացող աշխարհում ավանդույնթերի և կայունության անխախտությունը։

Լուսանկարը՝ Սկանդա Գաուտամ 

8․ Միգրանտները՝ ԱՄՆ-ի ճանապարհին․ Սյուդադ Միգել Ալեման, Մեքսիկա, 2022թ-ի  հունիս

Գիշերվա քողի տակ, միայն լապտերով լուսավորված՝ Կենտրոնական Ամերիկայից ապաստան հայցող միգրանտների լաստանավը 2022 թվականի հունիսին մեկնում է վտանգավոր ճանապարհորդության դեպի ԱՄՆ: Արվեստի ոչ մի գործ երբեք չի կարող ֆիքսել կամ պատկերել վշտի, սարսափի, անորոշության և հույսի արտահայտությունը, որն արտահայտում են Ռիո Գրանդե գետով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանն ապօրինի հատել փորձող միգրանտների դեմքերը։

Լուսանկարը՝ Reuters

9․ Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույց են անում Ազգային պատկերասրահում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, 2022 թ-ի հուլիս

2022 թվականի հուլիսին բնապահպանական ակտիվիստների «Just Stop Oil» խմբի երկու աջակիցներ, որոնք Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում են դադարեցնել հանածո վառելիքի վերալիցենզավորումն ու արտադրությունը, իրենց ձեռքերը սոսնձել էին ռոմանտիկ նկարիչ Ջոն Կոնսթեյբլի «Խոտի սայլը» հանրահայտ կտավի շրջանակին։ Բնապահպանները նկարի շրջանակին իրենք իրենց սոսնձելուց առաջ այն ծածկել էին հայտնի կտավի պարոդիայով՝  ցածր թռչող ինքնաթիռներով, լքված ավտոմեքենաներով և խաթարված էկոհամակարգով պատկեր, մինչդեռ նկարի բնօրինակը պատկերում է ձիերին լծված սայլ, որն անցնում է Անգլիայի գեղատեսիլ վայրով։

Լուսանկարը՝ Քիրսթի Օ՛Քոննոր (AP)

10․ Իլոն Մասկը լվացարան է տեղափոխում Twitter-ի կենտրոնակայանում, Կալիֆոռնիա, ԱՄՆ, հոկտեմբեր 2022թ.

2022 թվականի հոկտեմբերին միլիարդատեր գործարար Իլոն Մասկը տարածեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոհանոցային լվացարանը մտցնում Twitter սոցիալական մեդիա հարթակի շտաբ գրասենյակ, որը հենց նոր էր գնել: Մասկը տեսանյութին կցել է «թող այն խորտակվի» մակագրությունը։

Լուսանկարը՝ Իլոն Մասկի Twitter-յան էջից

11. Ընտրության կողմնակից ակտիվիստների բողոքի ցույցեր ԱՄՆ Գերագույն դատարանում, Վաշինգտոն, ԱՄՆ, 2022 թվականի հուլիս

2022 թվականի ամռանը ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից կանանց աբորտի իրավունքը չեղարկելու մասին որոշումը արժանացավ ընտրության կողմնակիցների բուռն բողոքի: Առանձնահատուկ ուշադրություն գրավեց ակտիվիստ կանանցից մեկի՝ Սեմ Սկարչելոյի լուսանկարը, ով անկախության օրը դատարանի մոտ թաթախվել էր կեղծ արյան մեջ։

Լուսանկարը՝ Նաթան Հովարդ

12․ Արքայազն Ջորջը նայում է թագավորական դիակառքին, Մեծ Բրիտանիա, 2022թ-ի սեպտեմբեր

Սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ թագուհու մահվանը հաջորդած հասարակական վիշտը ցուցադրող մի քանի լուսանկարներ նույնքան հիշարժան էին, որքան արքայազն Ջորջի լուսանկարը, ով տխուր  հետևում էր իր մեծ տատիկի անշունչ մարմինը տեղափոխող թագավորական դիակառքին ու թափորին։  Հեռուստատեսային հեռարձակումից ֆիքսված այս ակնթարթի շնորհիվ լուսանկարիչը ամբողջ աշխարհին ցույց տվեց այլայլված փոքրիկ արքայազնի դեմքը, ով երկրորդն է գահի համար հերթի մեջ։

Լուսանկարը՝ Յան Բերրի

13․ Անտառային հրդեհ Կանիցայում, Իսպանիա, 2022թ-ի օգոստոս

Իսպանացի հրշեջների լուսանկարը, որոնք պայքարում են Պոնտեվեդրայի Կանիսա գյուղում բռնկված հրդեհի դեմ, կարծես կենդանացել է միջնադարյան ձեռագրի էջերից: 2022-ը վերջին 30 տարիների ամենածար տարին էր Իսպանիայում անտառային հրդեհների բռնկման տեսանկյունից։  Ինչպես ինկվիզիցիայի կրակն էր մոլեգնում միջնադարյան Իսպանիայում՝ ոչնչացնելով հազարավոր անմեղ մարդկանց, այնպես էլ անտառային հրդեհների ահասարսուռ կրակներն էին մոխրացնում իսպանական գյուղերը 2022թ-ի ամռանը։

Լուսանկարը՝ EPA-EFE

14․ Լիոնել Մեսսին և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը տոնում են աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը

Վերջին լուսանկարը խորհրդանշում է 2022թ-ի և տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային իրադարձությունը․ Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, իր ազգային հավաքականին բազմաթիվ ձախողված փորձերից հետո կարողացավ առաջնորդել դեպի չեմպիոնություն։

Լուսանկարը՝ Դավիդ Ռամոս

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում