Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում․ Նիկոլ Փաշինյան

Եթե  Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նիստում ու ԼՂ-ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,-նշել է Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք  այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում