Ռուսաստանը հայտնում է Մակեևկայում 89 սպանված զինծառայողի մասին

Ռուսաստանը հայտնում է Մակեևկայում 89 սպանված զինծառայողի մասին

2023թ-ի հունվարի 1-ի գիշերը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Մակեևկա քաղաքում  Ուկրաինական զինուժի կողմից ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկվել թիվ 19 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքը, որտեղ գտնվում էր ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման կետը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի HIMARS համակարգերից արձակել են 6 ռեակտիվ հրթիռներ։

Դեպքի առնչությամբ ռուսական և ուկրաինական ռազմական գերատեսչությունները հանդես են գալիս տարբեր մեկնաբանություններով․ մասնավորապես ՌԴ ՊՆ-ն նախ հայտնեց 15 վիրավորի մասին, ապա պաշտոնապես հայտարարվեց նախ 63 զոհի, իսկ հունվարի 4-ի դրությամբ արդեն 89 զոհի մասին։

Ուկրաինական կողմը, սակայն, պնդում է, որ ուսումնարանի շենքի թիրախավորման հետևանքով սպանվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է։

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվեու պահից ի վեր սա ռուսական զինված ուժերին հասցված ամենամեծ հարվածներից մեկն է Ուկրաինայի բանակի կողմից։

Սամարայի նահանգապետ Դմիտրի Ազարովը հաստատել է, որ Մակեևկայում գտնվել են Սամարայից զորակոչված զինծառայողներ։ Այլ պաշտոնական տեղեկություններ զոհվածների մասին դեռևս չեն հաղորդվում, սակայն Սամարայում արդեն սկսվել են զոհվածներին հիշաակի տուրք մատուցելու հասարակական միջողառումներ։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն՝ Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղավորը ռուսաստանցի նորակոչինկերն են, ովքեր հակառակ արգելքին՝ մասսայաբար օգտագործել են սմարթֆոններ, ինչի պատճառով էլ դարձել են բացահայտ թիրախ ուկրաինական HIMARS համակարգերի համար։

Այսօր ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատասխան կրակով ոչնչացվել են ուկրաինական համազարկային կրակի HIMARS 4 համակարգեր, որտեղից վարվել է կրակը Մակեևկայի ուղղությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում