Ուժգին փոթորիկ Ֆրանսիայում․ «Օսթին» մրրիկը հազարավոր տնտեսություններ թողել է առանց էլեկտրականության

Ուժգին փոթորիկ Ֆրանսիայում․ «Օսթին» մրրիկը հազարավոր տնտեսություններ թողել է առանց էլեկտրականության

Աշնանային առաջին հզոր փոթորիկը պատուհասել է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքը։ «Օսթին» մրրիկը բերել է մրրկասյուն քամիներ, խաթարել տրանսպորտային համակարգի աշխատանքը և հազարավոր բնակիչների թողել առանց էլեկտրականության, ինչի պատճառով 23 դեպարտամենտում հայտարարվել է եղանակային վտանգավորության «նարնջագույն» մակարդակ։

«Օսթին» փոթորիկը արագորեն ուժգնացել է Ատլանտյան օվկիանոսի վրա, որից հետո շարժվել է դեպի Բրիտանական կղզիներ և ֆրանսիական ափամերձ շրջաններ։ Հատկապես ծանր է տուժել Բրետանը, ինչից հետո փոթորկալից քամու հարվածները տեղափոխվել են Նորմանդիայի և Օ-դե-Ֆրանսի ուղղությամբ։ Ծովափնյա շրջաններում քամու ուժգնությունը հասել է ռեկորդային ցուցանիշների․ Ֆինիստեր դեպարտամենտի Պուան-դյու-Ռազ հրվանդանում քամու արագությունը հասել է 161 կմ/ժ-ի, ինչը հոկտեմբեր ամսվա համար բացարձակ ռեկորդ է։

Աղետի հետևանքով հյուսիս-արևմտյան շրջաններում շուրջ 161,000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տապալված ծառերի և եղանակային բարդ պայմանների պատճառով խաթարվել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կասեցվել են մի շարք երթուղիներ, ինչպես նաև փակվել են կամուրջներ Ծովափնյա Սեն դեպարտամենտում։

«Օսթին» փոթորիկը սպառնում է նաև հարևան երկրներին․ Մեծ Բրիտանիայի հարավում և Ուելսում սպասվում են ուժեղ անձրևներ և ավելի քան 110 կմ/ժ արագությամբ քամի։ Գերմանիայում այս ցիկլոնը ստացել է «Լուիզա» անվանումը և երկրի հյուսիս-արևմուտք կբերի մինչև 100 կմ/ժ արագությամբ քամիներ։ Սրանից օրեր առաջ Ֆրանսիայի հարավն ու Իսպանիան արդեն տուժել էին «Ադամ» փոթորկից, որը խլել էր առնվազն 6 մարդու կյանք, որոնցից 2-ը՝ Ֆրանսիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում