Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է․ Արմեն Սարգսյան
Նմանատիպ
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հեղինակավոր TIME պարբերականում հոդված է հրապարակել, որում համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախում տեղի ունեցող դեպքերին։
«Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է» խորագրով հոդվածում Հայաստանի չորրորդ նախագահը ներկայացնում է, թե ինչպես են «բնապահպան ակտիվիստ» հորջորջվող մի խումբ ադրբեջանցիներ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
«Նախ պակասեց սննդի և դեղորայքի հոսքը, այնուհետև աստիճանաբար ընդհանրապես սպառվեցին բնականոն կյանքը շարունակելու համար անհրաժեշտ պաշարները: Մի վայր, որն ամեն օր ստանում էր 400 տոննա սննդամթերք և դեղորայք, այժմ լավագույն դեպքում օրական հազիվ մի քանի մեքենա օգնություն է ստանում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով կասեցրել են վիրահատությունների իրականացումը։ Երեխաները քաղցած են։ Քանի որ օդի ջերմաստիճանը նվազում է -4-ից, վառելիքի խիստ կարիք է զգացվում, և ընտանիքները ստիպված սկսում են այրել թափոնները, որպեսզի կարողանան տաքացնել տները։
Հայերը՝ որոնք 20-րդ դարում, խորհրդային իշխանության տակ հայտնվելուց առաջ, Օսմանյան կայսրությունում տևական ժամանակ ենթարկվել են ցեղասպանության, 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից»,- գրում է Արմեն Սարգսյանը։
Նա նշում է, թե ինչպես պատմականորեն հայկական տարածք Արցախը, հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը, 1921 թվականին Ստալինը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով ավելի հեշտ հսկողության տակ պահել Խորհրդային Միության բազմազգ բնակչությանը։
«1988 թվականին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը չեղարկելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իր հայկական ինքնությունը պաշտպանելու օգտին։ Ինքնորոշման այս համարձակ գործողությունը, սակայն, պատճառ դարձավ, որպեսզի նոր կոտորածներ իրականացվեն հայերի դեմ, որոնց ցանկությունը չհարգվեց»,- գրում է Հայաստանի չորրորդ նախագահը։
«Մարդասիրական ճգնաժամը, որին ականատեսն ենք լինում այժմ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որն աշխարհը հրաժարվում է տեսնել, էթնիկ զտման դասագրքային օրինակ է։
Ավելի քան մեկ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում և՝ Genocide Watch-ը, խիստ նախազգուշացմամբ են հանդես եկել այն մասին, որ Ադրբեջանի շրջափակումը «Ցեղասպանության մասին կոնվենցիայի բառերով ասած՝ նպատակ ունի կանխամտածված կերպով ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որոնց նպատակն ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հստակեցված՝ մարդկության դեմ հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:
Արցախում հայերի միակ փրկօղակն այն բարակ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանին։
Տեղի և հայկական սփյուռքի համայնքների կամավորներն անում են հնարավոր ամեն բան՝ օգնելու համար։ Սակայն նման ջանքերը միայնակ հաջողության չեն հասնի։ Պատմությունը, մասնավորապես հայոց պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցեղասպանական արշավի հաջողությունը մշտապես կախված է աշխարհի լռությունից։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ասի իր խոսքը»,- եզրափակել է իր հոդվածն Արմեն Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում