«Դավոս 2023». բիզնես ոլորտի համար կիբեր սպառնալիքները մեծացել են

«Դավոս 2023». բիզնես ոլորտի համար կիբեր սպառնալիքները մեծացել են

Անցյալ տարվա փետրվարից սկսած աշխարհաքաղաքական իրավիճակը հասավ կրիտիկական մակարդակի, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսության մատակարարման շղթաները տեղ-տեղ սկսեցին «քանդվել»՝ էներգետիկ ու պարենային ոլորտներում առաջացնելով  լրջագույն խնդիրներ:

Ճգնաժամի բարձր ռիսկերը չեն շրջանցում նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտը: Ավելին, այս ոլորտի արագ զարգացմանը զուգահեռ, նույն տեմպով աճում է վերջինիս խոցելիությունը: Կիբեր հանցագործները (հաքերներ), որոնցից շատերն ունեն աշխարհաքաղաքական ուղղորդում և դրդապատճառներ, այժմ ավելի հաճախ են «ի ցույց դնում» իրենց մասնագիտական ունակությունները:

Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների 93%-ը հակված է այն կարծիքին, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կիբերհարձակումների ռիսկը կգնահատվի «բարձր»:

Նշվածի մասին վկայում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հրապարակված Global Cyber Outlook 2023 զեկույցը, որտեղ նշվում է, որ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշություններն ավելի են խորացնում «աղետալի» կիբերհարձակումների վտանգը՝ միաժամանակ մեծացնելով տնտեսությունների «շարժիչ ուժի»՝ տարբեր ոլորտների բիզնեսների ռիսկերը: Ասել է թե յուրաքանչյուր «հաջողված» կիբերհարձակում կարող է հանգեցնել բիզնեսում լայնածավալ խափանումների, համբավի ռիսկի և ֆինանսական զգալի կորուստների:

Խնդիրն ավելի է լրջանում բիզնեսների փոխկապակցվածության պատճառով: Խոսքն այն մասին է, որ, օրինակ, բիզնեսի ծառայություններից օգտվող սպառողների տվյալները փոխանցվում են կամ կարող են փոխանցվել տեխնոլոգիաները սպասարկող կազմակերպություններին, ինչի հետևանքով տվյալները տարածվում են մատակարարման շղթաներում: Սա նշանակում է, որ հաքերները «հաջողված» հարձակման պայմաններում կարող են մի ընկերությունից հանգիստ անցնել մեկ այլ ընկերության «տարածք»: Հետևաբար, բիզնեսների մոտ արդարացիորեն վախ է առաջանում երրորդ կողմի կիբերանվտանգության ապահովվածության մասով, քանի որ, փաստորեն, միայն սեփական կիբերանվտանգությունն այլևս լիովին բավարար չէ հարձակումներին դիմակայելու համար:

Արդյունքում, ըստ զեկույցի, բիզնեսները փորձում են ուժեղացնել իրենց «տարածքի» վերահսկողությունը երրորդ կողմի մուտքի նկատմամբ: Ըստ նույն զեկույցի, հատկանշական է, որ այժմ խոշոր բիզնեսների ռազմավարություններում ամենաբարձր առաջնահերթությունը համարվում է կիբերդիմակայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում