Պորտուգալիայում Թումո կենտրոն կբացվի

Պորտուգալիայում Թումո կենտրոն կբացվի

Պորտուգալիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաև գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։

Թումո կենտրոնի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Կենտրոնը գործելու է քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։

Պորտուգալական Կոիմբրայի փոստային շենքը, որտեղ գործելու է Թումո կենտրոնը

Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդների ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023-ի երկրորդ եռամսյակում։

Կոիմբրայի կենտրոնի բացումը նշանավորում է Պորտուգալիայում Թումոյի ցանցի ընդլայնման արշավի սկիզբը: Պորտուգալացի գործընկերները հայտարարել են, որ եկող տարիների ընթացքում ակնկալում են նոր կենտրոններ բացել երկրով մեկ։ Թումոյի հիմնադրումը Պորտուգալիայում տեխնոլոգիական և կրթական համայնքների միավորման և համագործակցության օրինակ է. ծրագրի աջակիցները, ձեռնարկատերերը և հիմնադիրները միասնաբար շուրջ յոթ միլիոն եվրո են ներդրել ծրագրի գործարկման համար։

«Երբ նախնական հանդիպումների համար այցելեցինք Պորտուգալիա, շատ ոգևորվեցինք այս նախագծով, քանի որ տեսանք երկրի մեծ ներուժը, որը զուգակցված էր տեխնոլոգիական համայնքի աջակցությամբ և պատանիների` թվային ոլորտում հաջողելու պատրաստակամությամբ։ Եվ հենց այսօրվա պատանիներն են, որ գալիք տասնամյակներում կկերտեն ապագան։ Կարծում ենք` ճիշտ ժամանակն է ներդրում անել Պորտուգալիայի երիտասարդների կրթության մեջ»- նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում և այլ վայրերում։ Հաջորդ կենտրոնը կբացվի Լոս Անջելեսում` Կալիֆոռնիայի նահանգի ֆինանսավորմամբ և Լոս Անջելես քաղաքի հետ համագործակցությամբ։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում և Ֆրանսիայում: Քննարկումներ են նաև ընթանում Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում