Բարձր աշխատավարձեր՝ առանց չափելի արդյունքի․ «Քաղաքացիական պայմանագիրն» արդարացնում է պաշտոնյաների Եկամուտների ավելացումը
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից էապես կբարձրանան բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափերը։ Նախարարի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի՝ 998 հազարից հասնելով շուրջ 2 միլիոն դրամի, պատգամավորինը՝ 832 հազարից մոտ 1,5 միլիոն դրամի, իսկ վարչապետի դրույքաչափը կկազմի շուրջ 2,66 միլիոն դրամ։ Այս նախագծի իրագործումը պետական բյուջեի վրա տարեկան ավելի քան 25 միլիորդ դրամի լրացուցիչ բեռ է ավելացնելու։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն արդարացված են համարում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը՝ դա բացատրելով որակյալ կադրեր ներգրավելու և պետական ապարատի մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում նշել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության գնահատման հստակ չափանիշները։
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում իշխանական պատգամավորներին ուղղվել են հարցեր, թե լրացուցիչ ծախսերի դիմաց քաղաքացիներն ինչ չափելի արդյունք են ստանալու, ով և ինչ հանրային չափանիշներով է գնահատելու չինովնիկների աշխատանքը, և ինչ հետևանքներ են նախատեսվում ոչ բավարար արդյունքների դեպքում։
Արձագանքելով դրան՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Տարոն Չախոյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է դիտարկել ամբողջ պետական ապարատի վարձատրության համակարգի փոփոխության համատեքստում, քանի որ այն վերաբերում է շուրջ 20 հազար աշխատակցի։ Նրա խոսքով՝ սկզբում բարձրացվել են առաջին կարգի և ավագ մասնագետների, ապա՝ բաժնի պետերի, վարչության պետերի, նախարարի տեղակալների և նախարարների աշխատավարձերը։ Քանի որ պաշտոնատար անձանց աշխատավարձերը փոխկապակցված են գործակիցներով, մեկ մակարդակի փոփոխությունը շղթայաբար հանգեցրել է մյուսների բարձրացմանը։
Չախոյանն ընդգծել է, որ նախարարները, նրանց տեղակալներն ու պատգամավորները կազմում են ընդամենը 100–150 մարդ, մինչդեռ վարձատրության նոր համակարգը վերաբերում է տասնյակ հազարավոր աշխատակիցների։ Լրացնելով թեման՝ նա նաև նշել է, որ պետությունը ներկայիս վարձատրության պայմաններում չի կարող մրցակցել մասնավոր հատվածի հետ, քանի որ բարձր վարձատրվող մասնագետները չեն լքի մասնավոր ոլորտը՝ հանուն ցածր աշխատավարձով պետական պաշտոնների։
Աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշների (KPI) վերաբերյալ հարցին ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է, որ նախատեսվում է KPI համակարգի ներդրում, սակայն նախագիծը դեռևս չի քննարկվել Ազգային ժողովում, և կոնկրետ պարամետրերն իրեն հայտնի չեն։ Նա հավելել է, որ հարցը առաջիկայում կմտնի խորհրդարան, որտեղ էլ կքննարկվեն բոլոր մանրամասները։
Աղաջանյանը նաև հիշեցրել է, որ նախկինում վարչապետի ապարատում ցածր աշխատավարձերի պատճառով կադրերի արտահոսք է նկատվել, իսկ պարգևատրումների ու աշխատավարձերի բարձրացումը նպատակ ունի լուծելու այդ խնդիրը, նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնելու պետական ծառայությունների որակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում