Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի շնորհավորանքը կուզեի լսել իմ կնոջից, որը չկա․․․»։

Մի առիթով այսպես ասել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով այսօր` հունվարի 27-ին նշում է ծննդյան տարեդարձը:

Ի նշան կնոջ հանդեպ իր մեծ սիրո՝ կոմպոզիտորը նրան երաժշտական շարք է նվիրել՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա։

«Սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ: Արվեստն՝ ինքնին, կյանքը, գեղեցիկը սիրելու կոչ է: Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է: Ինչքան որ նրա մեջ սեր կա, այնքան բարություն կա։ Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ: Իմ որոշումը սերն է»,-ասել է Մաեստրոն։

1947թ-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ Արթիկի Պեմզաշեն գյուղ տեղափոխված Մանսուրյանների ավագ զավակը՝ պատանի Տիգրանը, աշխատում էր թեթևացնել ծնողների հոգսը: Շրջիկ լուսանկարիչ հոր հետ պտտվում էր Արթիկի գյուղերով և օգնում նրան օրվա հացի գումար վաստակել: Հենց այնտեղ էլ՝ բանվորական ակումբում, պատանի Տիգրանը գործիք է հայտնաբերել, որի դիմաց էլ ինքնուրույն սովորել է նոտաները։

Կարճ ժամանակ սովորելով Լենինականի երաժշտական ուսումնարանում, նա տեղափոխվում է Երևան, սովորում Կոնսերվատորիայում, որտեղից էլ սկսվում է Մանսուրյանի մեծ սիրո պատմությունը: Այստեղ էլ նա հանդիպել է իր սիրելի կնոջը՝ Նոնային։

Չնայած տարբեր ոճերի ստեղծագործություններին` նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ, հասարակությունն առաջին հերթին ճանաչում ու սիրում է Մանսուրյանին ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտությամբ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»։

Տիգրան Մանսուրյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Նա իսկական հայ է, իսկ հայոց լեզուն համարում է իր անսպառ ներշնչանքի աղբյուրը․

«Իբրև երաժիշտ ես հայոց լեզվի զավակն եմ, ամենամեծ ուսուցիչս հայոց լեզուն է: Ես պաշտամունք ունեմ մեր լեզվի հանդեպ»։

Շնորհավորում ենք մեծանուն հային և մաղթում անսպառ ստեղծագործական էներգիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում