Թուրքիան պատրաստվում է «ցնցել» Շվեդիային. Միջազգային լրահոս

Թուրքիան պատրաստվում է «ցնցել» Շվեդիային. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։

Թուրքիան պատրաստվում է «ցնցել» Շվեդիային

Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը Թուրքիայի կողմից վավերացնելու գործընթացում առաջացած խնդիրները։

«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ուղերձ հղել Ֆինլանդիայի վերաբերյալ, եթե նա չկրկնի նույն սխալները։ Շվեդիան կցնցվի, երբ դա տեղի ունենա»,- ասել է Էրդողանը։ Միաժամանակ, նա նշել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին բացատրել է, թե ինչ պետք է անի երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Ադրբեջան-Իրան լարվող հարաբերություններ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։ Ադրբեջանի ԱԳ փախնախարար Խալաֆ Խալաֆովը հայտնել է․ «Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման համար 5 հոգի մնացել է այնտեղ։ Մյուսները դեսպանատանը դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը դեսպանատան անվտանգությունն ապահովման հարցում չի վստահում Իրանին։ Վերջինս տեղեկացրել է, որ Բաքուն նախկինում մի քանի անգամ արդեն դիմել է Թեհրանին՝ պահանջելով ուժեղացնել դեսպանատան անվտանգությունը, սակայն պատասխան չի ստացել։

Բլինքենի անսպասելի այցն Իսրայել

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեի երեկոյան ժամանել է Իսրայել։ Իրանի ռազմական օբյեկտների, ինչպես նաև իսրայելա-պաղեստինական հակամարտության սրման ֆոնին Բլինքենի անսպասելի այցը բազում ենթադրությունների և գուշակումների առիթ է տվել ինչպես տարածաշրջանային անվտանգության խնդիրներով զբաղվող փորձագետների, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների համար։

Երուսաղեմում Բլինքենը բանակցելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր վարչակազմի հետ, որի մեջ են մտնում ուլտրաազգայնական կուսակցությունները, որոնք ցանկանում են ընդլայնել Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերը։ Սակայն, ինչպես նշում է միջազգային մամուլն ու փորձագիտական հանրույթը, Բլինքենի այցն Իսրայել կարող է բորբոքել կիրակի գիշերը Իսրայելի և Իրանի միջև սկիզբ առած հակամարտության նոր փուլը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից նախօրեին հայտնել են, որ Միացյալ Նահանգների զինուժը ներգրավված չի եղել Իրանի դեմ հարվածներին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը նման հայտարարություն է արել իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման լույսի ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում