Հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերվում

Հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերվում

Հաշվի առնելով փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։

Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։

Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում