Փոքրիկ դեպքեր մեծ բանաստեղծի կյանքից

Փոքրիկ դեպքեր մեծ բանաստեղծի կյանքից

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ Times.am-ը սկսում է հատուկ նախագիծ, որի շրջանակում կներկայացնենք մեծանուն բանաստեղծի կյանքից տարբեր դրվագներ, մտքեր և պատմություններ։

Մեծ մարդու կյանքն էլ մի յուրօրինակ դասագիրք է, որ պիտի հիշենք ու սերտենք ամենից լավ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքում անգամ փոքրիկ դեպքերն այսօր մեծ իրադարձության արժեք ունեն:

Թումանյանը մեծ ընտանիք ուներ և շատ ազգային հոգսեր: Տանը քիչ էր լինում՝ երբեմն միայն կիրակի օրերը: Ավելի շատ դրսում էր՝ ընկերների հետ կամ ժողովներում: Իսկ երբ տանն էր, զբաղվում էր հյուրերով, «Վերնատան» հավաքներով, գրական քննարկումներով:

Ու՞մ չի օգնել Թումանյանը… Դերենիկ Դեմիրճյանը, որ «Թումանյանի տունն իր տունն էր դարձրել», այնքան հաճախ էր մնում ճաշին, որ երբ բացակայում էր, տնեցիները սպասում էին մինչև գա: Երբեմն էլ Դեմիրճյանը ջութակը հետն էր բերում, սկսում էր նվագել ու ծիծաղելով ասում. «Եթե ձեզ խանգարում եմ, կարող եք դուրս գալ»: Իսկ երբ մեկնեց Շվեյցարիա, շարունակ նամակներ էր գրում Թումանյանին, որ փող ուղարկի: Թումանյանը չուներ՝ սրանից-նրանից խնդրում էր, ուղարկում իր ընկերոջը:

Լուսանկարում՝ ձախից աջ․ Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Ղազարոս Աղայան․ Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Թումանյան

Ղազարոս Աղայանը և Լևոն Շանթը ամիսներով ապրել են Թումանյանի բնակարանում՝ անգամ այն օրերին, երբ տանտերը հիվանդության կամ այլ պատճառով բացակայում էր:

Թումանյանը շատ էր օգնում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանին, ում աջակցում էր և՛ նյութապես, և՛ բարոյապես՝ պաշտպանելով անարդար քննադատությունից և հարձակումներից: Գալֆայանն էլ է ապրել Թումանյանի տանը՝ շուրջ մեկ ամիս, Դեմիրճյանը՝ երկու ամիս, հետո Իսահակյանը, Լևոն Շանթը՝ չորս-հինգ ամիս:

Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում գտնվող Դմիտրի Նալբանդյանի «Վերնատուն» կտավը

Հովհաննես Թումանյանը գրական ստեղծագործությամբ զբաղվում էր հիմնականում հիվանդ ժամանակ: Երբ թույլ էր զգում, հատկապես ամառները գնում էր Աբասթուման կամ Ուրավել, մնում մինչև ուշ աշուն, կնոջն ու երեխաներին էլ ուղարկում էր Դսեղ:

Շատ ժամանակ էին խլում այցելուները, ովքեր կա՛մ խնդրանք ունեին, կա՛մ էլ պարզապես ուզում էին հանդիպել, զրուցել սիրելի գրողի հետ: Նրանց շարքում կային նաև աննրբանկատ մարդիկ, որ գալիս խանգարում, հոգնեցնում էին առանց այդ էլ բազմազբաղ բանաստեղծին, մնում մինչև ուշ գիշեր: Չէր օգնում անգամ բնակարանի դռանը փակցված գրությունը՝ «Ընդունելությունը ուրբաթ օրերը. ժամը 11-2»:

Եվ բնական է, որ քիչ ժամանակ էր մնում ընտանիքի անդամների, երեխաների համար: Այդ օրերից մնացել են կատակ-պատմություններ, որտեղ երևում է մեծ մարդը՝ մի քիչ մոռացկոտ, մի քիչ ցրված, որ կարող էր շփոթել անգամ, թե իր տասը երեխաներից ով որտեղ է սովորում:

Հովհաննես Թումանյանի ընտանիքը

Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը հիշում է.

«Մենք տասը երեխա էինք, և որքան էլ հայրիկը սիրում էր երեխաներին, նրանց դպրոցական կյանքին հետևելու ժամանակ ու հնարավորություն չուներ, որ իմանար, թե որը որ դպրոցում է սովորում կամ որ դասարանում է:

Մի օր, Գայանյան դպրոցի տեսուչը հայտնում է հայրիկին, որ դպրոց անցնի իր աղջիկներից մեկի՝ Անուշի մասին խոսելու համար: Գայանյանի փոխարեն հայրիկը գնում է Հովնանյան դպրոց և հարցնում, թե ինչպե՞ս է սովորում Նվարդը: Ուսուցիչները ծիծաղելով ասում են, թե Նվարդը վաղուց է ավարտել դպրոցը: Այստեղ հայրիկը հիշում է, որ երևի հարկավոր էր գնալ Գայանյան դպրոց, ուր սովորում էին մյուս աղջիկները։ Գնում է հարցնում իր մյուս աղջկա՝ Արփիկի մասին, բայց նրա համար չէ, որ կանչել էին իրեն: Այս պատմությունը տարածել էին՝ հայրիկի անչափ զբաղվածությունն ու ցրվածությունը ցույց տալու համար:

Եվ իրոք, հայրիկը հնարավորություն չուներ հետևելու մեր կրթության գործին: Նա շատ հաճախ իր բնակարանում էր հրավիրում զանազան նիստեր ու ժողովներ: Հյուրերն ու ժողովականներն անպակաս էին: Եվ նրանց ընդունելու, հյուրասիրելու հոգսն ընկնում էր մայրիկի ու երեխաների վրա: Այնպես որ՝ երեխաների ուսման կարգ ու կանոնն էլ խախտվում էր»:

Հետո, շատ տարիներ անց, երբ արդեն հոգնած էր ու դյուրագրգիռ, և տրամադրությունը հաճախակի փոխվում էր, սկսեց մարդկանցից խուսափել, այցելություններ չէր անում, գերադասում էր ընտանեկան երեկոները, երբեմն էլ ոչ ոքի չէր ուզում տեսնել, սիրում էր մենակ մնալ: 1919-ին էր, երբ անսպասելիորեն ասաց. «Էլ մարդ չեմ ուզում, երեխաներիս հետ եմ ուզում լինել, իմ մոտ, շատ մոտ մարդկանց հետ»:

Աբգար ԱՓԻՆՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում