Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը
Նմանատիպ
Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 655 է, ավելի քան 80 000 մարդ վիրավոր է։
Սիրիայում զոհերի թիվը 3 513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։
Արաբական Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրաշարժից տուժած Թուրքիայում և Սիրիայում առնվազն 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։
Հիշեցնենք, որ Հայաստանը ևս մարդասիրական օգնություն է ցուցաբերել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային։
Այսօր առավոտյան Մարգարա կամրջով հումանիտար օգնություն է ուղարկվել Թուրքիա։
Հայաստանը նաև պատրաստվում է 30 տոննա մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:
Թուրքիայում և Սիրիայում աշխատում են նաև հայ փրկարարների խմբերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում