Փրկարարները հեռանում են Թուրքիայից․ Համաճարակի վտանգ կա
Նմանատիպ
Չնայած որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն փրկարարների թիմերը հարկադրված են լքել Թուրքիան։
Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle պարբերականն իր ծավալուն ռեպորտաժում։ Պատճառը ոչ միայն ողջ մարդկանց գտնելու հավանականության վերանալն է, այլև փրկարարների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը։
Ըստ պարբերականի՝ դեռևս փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանդրետում (Հաթայ) աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել ավստրիացի և գերմանացի փրկրարաները՝ բնակչության աճող ագրեսիվության, տեղական զինված խմբավորումների միջև փոխհրաձգությունների և դիակապտության դեպքերի պատճառով։ Փետրվարի 12-ին աղետի գոտին ստիպված էին լքել 40 իսրայեցի փրկարարներ իրենց հասցեին շատ հստակ ու անմիջական սպառնալիքի պատճառով։
Մարաշ քաղաքում, որտեղ շուրջ 10 հազար մարդ է մահացել, ցասում է հասունանում Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, հատկապես, զոհերին եղբայրական գերեզմաններում շուտափույթ թաղելու որոշման պատճառով։ Տարբեր միջազգային կառույցների հասցեին սպառնալիքներ են հնչել մարդկանց առևանգելու և որպես պատանդ օգտագործելու համար, որպեսզի կանխեն Թուրքիայի իշխանությունների այդ ծրագիրը։
«Թուրքիայի իշխանությունների անհստակ արձագանքը և քաոսը մեկ այլ աղետի պատճառ կարող են դառնալ։ Հաթայում իսկական քաոս է, քանի որ ամենուր սննդային մնացորդներ ու աղբ է թափված։ Օդում զգացվում է աղբի քայքայման սուր հոտ, ջուրը չի հերիքում, չկան զուգարաններ։ Քաղաքում ոչ առանց հիմքի վախենում են համաճարակից։ Քաղաքում կառուցված վրանային ճամբարում ընդամենը երկու զուգարան կա, որոնցում ջուր չկա»,- գրում է DW-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ից Թուրքիայում աշխատում են նաև Հայաստանից մեկնած 27 փրկարարներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում