Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին փլուզման եզրին է
Նմանատիպ
Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, երեկվա երկրաշարժի հետևանքով փլուզման վտանգի շեմին է։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։
«Մենք նոր-նոր էինք սկսել ուշքի գալ առաջին երկրաշարժից։ Վերջին երկրաշարժի էպիկենտրոնը շատ մոտ էր Քեսաբին, և այդ պատճառով շատ ուժեղ ցնցում էր։ Եթե կրկին նման ուժեղ ցնցում լինի, եկեղեցին կփլուզվի, առանց այդ էլ փլուզման եզրին են փոքր գմբեթները»,- նշել է տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։
Նրա խոսքով՝ անօթևան մնացած հայերին չեն կարող թույլ տալ բնակվել եկեղեցու ներսում, քանի որ փլուզման վտանգը մեծ է։ Կիրակի եկեղեցում պատարագ է մատուցվել, սակայն վաղվանից սկսվող ժամերգությունների անցկացումը հարցականի տակ է։
«Վերջնական որոշում չունենք արարողությունները կլինեն, թե՝ ոչ։ Գուցե անենք այն համոզումով, որ Աստված միշտ մեզ հետ է և մեզ կպաշտպանի։ Այժմ վերանորոգման աշխատանքներ սկսելն էլ նպատակահարմար չէ, որովհետեւ չենք կարող ասել, թե ինչ մեզ կսպասվի»,- ասել է տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում