Nokia-ն փոխում է ռազմավարությունն ու լեգենդար տարբերանշանը
Նմանատիպ
Հանրահայտ NOKIA ընկերությունը պատրաստվում է խոշոր փոփոխությունների։ Գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ ընկերությունը պատրաստվում է փոխել իր տարբերանշանն ու ռազմավարությունը և կենտրոնացած է ագրեսիվ աճի վրա:
Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Նոր տարբերանշանում ընկերությունն այլ լուծում է տվել, որի արդյունքում բոլորին շատ լավ ծանոթ NOKIA բառն այլևս ուրիշ տեսք է ունենալու: Հին լոգոյի խորհրդանշական կապույտ գույնը փոխարինվել է գույների շարքով՝ կախված տարբերանշանի օգտագործումից:
Ընկերության գլխավոր տնօրեն Պեկկա Լունդմարկը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են վերագործարկել բրենդը և այլևս չասոցացվել բջջային հեռախոսների հետ, քանի որ այժմ իրենք տեխնոլոգիական ընկերություն են բիզնեսի համար:
2020 թ.-ին ֆիննական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելիս Լունդմարկը երեք փուլից կազմված ռազմավարություն էր որդեգրել՝ վերագործարկում, արագացում և ընդլայնում: Լունդմարկը հայտնել է, որ առաջին փուլն արդեն ավարտված է, և ընկերությունն անցնում է երկրորդ փուլին:
Nokia-ն նպատակ ունի ընդլայնել ծառայությունների մատուցման իր բիզնեսը՝ սարքավորումներ վաճառելով հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին:
«Reuters»-ը նշում է, որ Nokia-ի նպատակաուղղվածությունը դեպի արտադրության ավտոմատացում և տվյալների կենտրոններ կհանգեցնի մրցակցության այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը և Amazon-ը:
Nokia-ն բջջային հեռախոսների երբեմնի խոշորագույն արտադրողն էր աշխարհում, սակայն 2014 թվականին վաճառել էր այդ բիզնեսը Microsoft-ին: Դրանից հետո ընկերությունը կենտրոնացել է հեռահաղորդակցության սարքավորումների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում