Մամուլն այսօր. Կբոյկոտի՞ արդյոք ՀԱԿ-ը ԱԺ առաջին նիստը և կկառուցվի՞ արդյոք ևս 4 հարկ Փակ շուկայի շենքի վրա
Նմանատիպ
Հետընտրական զարգացումներ.
«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը կբոյկոտի մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը: Կոնգրեսի անդամ 7 պատգամավորները չեն մասնակցի նիստին, որին ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը: Ըստ թերթի տեղեկությունների` հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը չմասնակցի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորական մանդատները հանձնելու հանդիսավոր արարողությանը: Սակայն Կոնգրեսում պաշտոնապես ասում են, թե այս հարցում դեռ չկա կոնկրետ որոշում: «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք այս հարցը դեռ պետք է քննարկեն:
«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հրապարակելու է, թե ովքեր են զբաղեցնելու ՀՀ վարչապետի, Աժ նախագահի, ինչպես նաև նախարարների պաշտոնները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի փոխարեն նշվում է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի անունը, սակայն վերջինս ասել է, թե ինքն այդ մասին թերթից է իմանում և որևէ հավակնություն չունի գործադիր պաշտոնների նկատմամբ: Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, ըստ լուրերի, 2 թեկնածություն է քննարկում. ՀՀԿ փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան կամ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյան: Երեկ չի հաջողվել նրանցից որևէ մեկի հետ զրուցել:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Ենթադրվում է, որ ՍԴ– ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ–ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձեւական կողմն ապահովելու համար: Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները եւ պատասխանի ՍԴ անդամների,այնուհետեւ` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ–ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը եւ փորձի դա անել վաղը»,- նշում է թերթը:
Զարմանազան.
Անդրադառնալով «Փակ շուկայի» շուրջ տեղի ունեցաղո զարգացումներին` «Հայկական ժամանակ» թերթը մի տեղեկություն է հրապարակել` հղում անելով իր աղբյուրներին: Ըստ թերթի տվյալների` շուկայի վրա նախատեսվում է կառուցել եւս չորս հարկ, սակայն, շուկայի տանիքը չի կարող դիմանալ նման ծանրութեան, այդ իսկ պատճառով` տանիքը «չեզոքացվում» է:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում: Ըստ աղբյուրի՝ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել: Երբ չինացի լրագրողը փորձել է պարզել պատճառը, վերջինիս ասել են. «Ընկեր, չի թույլատրվում ու վերջ»: Միջադեպին խառնվել են նաև Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները: Լրագրողը նշել է, որ բավականին կարևոր լրատվական գործակալություն է ներկայացնում` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ինչո՞ւ եք արգելում, հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դա բնական է, նրա մարդկային կերպարն է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել: Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն»,-վրդովված նշել է լրագրողը: Սակայն մինչև վերջ նրան համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին:
«Հրապարակ» թերթն, անդրադառնալով Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը, գրում է, որ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել միջոցառումներին: «Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին Աժ նախագահ չի առաջարկի: Ի դեպ, այս անգամ ՀՀԿ գործկոմի նիստը տեղի է ունենալու ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի` մայիսի 30-ին` որովհետև հինգշաբթի օրը մեկնարկելու են նորընտիր պառլամենտի աշխատանքները»,- գրում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում