Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 1

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 1

Times.am-ը շարունակում  է ուշադությամբ հետևել աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Ո՞վ է ադրբեջանցի պաշտոնյան, ով իրավասու է բանակցել Արցախի իշխանությունների հետ և քանի՞ օրում Իրանը կարող է ատոմային ռումբ ստեղծել։ Այս և այլ կարևոր իրադարձություններ մեկ նյութում։

Արցախի իշխանությունների հետ բանակցություններում Ադրբեջանը կներկայացնի Ռամին Մամեդովը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը կներկայացնի Ադրբեջանը Արցախի իշխանությունների հետ բանակցություններում. վերջինս նշանակվել է Արցախի իշխանությունների հետ կապերի պատասխանատու: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, սակայն, նրան ներկայացնում են՝ որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու», հենց այսկերպ են Արցախի իշխանությունների հետ երկխոսությունը ներկայացնում Ադրբեջանի իշխանությունները:

Հունաստանում գնացքների ողբերգական բախման առնչությամբ 1 անձ է ձերբակալվել, հրաժարական է տվել տրանսպորտի նախարարը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը գնացքների բախման վայրում 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անցած գիշեր Հունաստանում ողբերգական պատահար է տեղի ունեցել․ Սալոնիկ քաղաքից դեպի Աթենք մեկնող մարդատար գնացքը Լարիսա քաղաքի մոտակայքում ճակատ ճակատի բախվել է մեկ այլ՝ բեռնատար գնացքի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, վիրավորվել՝ 85-ը։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով:

Կայարանի հսկիչը, որը պատասխանատու է ազդանշաններ տալու համար, հերքել է իր կողմից սխալը և նշել, որ վթարն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:

Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է դեպքի վայր և խոստացել պարզել տեղի ունեցածի պատճառները: Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Նշենք նաև, որ պատահարից ժամեր անց Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված  նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) մշակել են Ռուսաստանի հետ միասին, – ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։

Զախարովան անպարկեշտություն է անվանել Հարավային Կովկասում ներգրավվելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ընտրությունները կկայանան մայիսի 14- ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև սպասվող համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունների օրվա վերաբերյալ:

«Ժամանակը գալիս է, հուսով եմ՝ մայիսի 14-ին այս մարդիկ կանեն այն, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ, սոցհարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորված «Ժողովուրդ դաշինքի» ձայները շարունակվում են նվազել․ ըստ հունվար ամսվա «ALF» հետազոտության տվյալների՝ ընդդիմադիր ուժերի կազմած «Ազգ դաշինքը» առաջ է անցել «Ժողովրդի դաշինքից»: «Ազգ դաշինքի» ձայները կազմել են 41.9%, իսկ «Ժողովուրդ դաշինքինը»՝ 37.1%:

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Իրանը կարող Է 12 օրում ատոմային ռումբի համար նյութ ստանալ

Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ երկիրը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը։

«2018 թ.-ին, երբ նախկին վարչակազմը որոշեց դուրս գալ ԳՀՀԾ-ից (խմբ.՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), Իրանից 12 ամիս կպահանջվեր մեկ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութեր ստանալու համար: Իսկ այժմ կպահանջվի մոտ 12 օր», – հայտարարել է Քահլը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նա ընդգծել է, որ Իրանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց միջուկային համաձայնագրից։ Քահլը հավելել է, որ միջուկային գործարքին վերադարձն առաջվա պես «լավագույն տարբերակն է», սակայն նշել է, որ ԳՀՀԾ-ի հարցն առայժմ հետաձգված է։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, հաղորդել էր, որ Իրանում մինչև 60 % հարստացված ուրանի պաշարներն անցյալ տարվա նոյեմբերից ավելացել են 40%-ով։ Ընդ որում, մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։

Սերբիան երբեք չի համաձայնի Կոսովոյի ճանաչմանը. Վուչիչ

Բելգրադը երբեք չի համաձայնի ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչմանը և նրա մասնակցությանը միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Մենք չենք ցանկանում բանակցություններ վարել փոխադարձ ճանաչման, Կոսովոն ՄԱԿ-ում ընդգրկելու շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել արդեն համաձայնեցված պայմանավորվածությունների կատարման մասին», – Վուչիչն ասել Է սերբական PTC հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Կոսովոյի կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքները, որոնք ԵՄ-ի միջնորդությամբ երկուշաբթի օրն անցկացվել են Բրյուսելում:

Չինական նավը խորտակվել է Սախալինի ափերին

Թաթարական նեղուցում՝ Խաբարովսկի երկրամասի Վանինո նավահանգստից 42 մղոն հեռավորության վրա, այսօր չինական բեռնատար նավ է խորտակվել։

«Մարտի 1-ին Թաթարական նեղուցի ջրատարածքում, Վանինո ծովային նավահանգստից 42 մղոն դեպի հարավ, հարավ-արևմուտք խորտակվել է YONG XING 56 (ՉԺՀ դրոշ) չորաբեռնատար նավը», -հաղորդում է Ծովային և գետային փոխադրամիջոցների դաշնային գործակալության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ նավը բեռնված էր 29 հազար տոննա կավահողով: Այն աղետի ազդանշան էր ուղարկել՝ հայտնելով, որ նավի մեջ ջուր է լցվում: Չինաստանի 21 քաղաքացիներից բաղկացած անձնակազմը իջել Է ծովի սառույցի վրա, նրանց վերցրել Է մեկ այլ նավ։

Նավաստիներից ոչ ոք չի տուժել, բոլորն էլ առողջ են, նշում է մամուլի ծառայությունը։ Այժմ նրանք գտնվում են «Օտտո Շմիդտ» փրկարարական քարշակ-նավի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում