Վրաստանում հանրահավաքները կշարունակվեն՝ չնայած աղմկահարույց օրինագծի հետկանչին

Վրաստանում հանրահավաքները կշարունակվեն՝ չնայած աղմկահարույց օրինագծի հետկանչին

Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են շարունակել հանրահավաքները Թբիլիսիում՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու մասին իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարությանը։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ցոտնե Կոբերիձեն։

«Այսօր անպայման ակցիա տեղի կունենա, որովհետև կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք չեն վստահում «Վրացական երազանքին»: Միայն մենք ենք այն բանի երաշխավորը, որ երկիրը դառնա Արևմուտքի մի մասը: Մեզ հստակ պարզաբանում է անհրաժեշտ, թե նրանք ինչպես են ծրագրում հետ կանչել օրինագիծը», – ասել է Կոբերիձեն՝ հավելելով, որ իրենք նաև իշխանություններից պահանջում են ազատ արձակել հանրահավաքները ցրելու ժամանակ ձերբակալվածներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանից հետ է կանչում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը:

Մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի վրացական տարբերակը։

Երկու հանրահավաքներն էլ ավարտվել են ուշ գիշերին, ուժայինները ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Բողոքի երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ։ Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան օրենքի թարգմանությունն է։

Վրացական տարբերակի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող է լինել նաև լրատվամիջոցը, ընդ որում՝ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։

Խորհրդարանն արդեն վրացական տարբերակն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում