Միխայիլ Բուլգակով. «Հոգին սատանային վաճառած» Վարպետը

Միխայիլ Բուլգակով. «Հոգին սատանային վաճառած» Վարպետը

Ո՞վ է քեզ ասել, թե աշխարհում իսկական, հավատարիմ, հավերժական սեր չկա: Թող կտրե՛ն ստախոսի գարշելի լեզուն: Հետևի՛ր ինձ, ընթերցող, ու ես քեզ այդպիսի սեր ցույց կտամ:

«Ինժեների սմբակ», «Սև մոգ», «Սև աստվածաբան», «Սատանա», «Մեծ հրաշագործ», «Օտարի ձիաձիգ»…

Միխայիլ Բուլգակով

Եթե ասեմ՝ Միխայի Բուլգակով, առաջինը հաստատ կմտաբերեք «Վարպետը և Մարգարիտան»: Սա ժամանակի հանճարեղ գործերից էր՝ աշխարհի գրական ժառանգության մեջ իր հաստատուն տեղն ունեցող: Վերոգրյալներից յուրաքանչյուրը կարող էր լինել մեզ հայտնի վեպի վերնագիրը:

Յուրաքանչյուրին պիտի տրվի ըստ իր հավատի:

Սա Վոլանդի խոսքերն են «Վարպետը և Մարգարիտան» վեպից: Բուլգակովն անվերապահ հավատում էր իր գրչին ու նրան, որ գրականությունը կարող է փոխել աշխարհը: Նա այնքան էր հավատում իր վեպերին, որ ժամանակիկիցներն ու գրաքննադատները նրա ստեղծած պերսոնաժներին նույնականացնում էին գոյություն ունեցող անձանց ու հավատում՝ գտել են այս կամ այն հերոսի նախատիպին:

Նրա ընդդիմախոսները պնդում էին, թե այս վեպը հաջողություն ունեցավ, որովհետև Բուլգակովը հոգին ծախել է սատանային…

«Վարպետը և Մարգարիտան» վեպի պատկերազարդում

Շատերն են կարծում, որ սրա մեջ ճշմարտություն կա, բայց հավանաբար փոխաբերական իմատով. Մոսկվայի գեղարվեստի թատրոնում Միխայիլ Բուլգակովի «Օրեր Տուրբիններից» ներկայացումը  Ստալինը հավանում էր: Այդ առիթով բավականին երկար ժամանակ այն խաղացանկից դուրս չէր գալիս:

Ամենևին էլ վկայականով չի որոշվում գրողը, այլ նրանով, թե ինչ է գրում:

Վկայականով Բուլգակովը բժիշկ էր՝ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով: Ցերեկները նա բուժում էր մարդկանց մարմինը, գիշերները՝ հոգին: Բայց շուտով սեփական մարմինը հիվանդություններից պաշտպանելու համար հիվանդացնում է սեփական հոգին: Դիֆթերիայի դեմ պայքարող հիվանդներից վարակվելուց պաշտապնվելու համար նա դեղամիջոցներ էր օգտագործում, որոնց հետևանքով սուր ալերգիա ու ցավեր սկսվեցին բժիշկ Բուլգակովի մոտ: Ու նա առաջին անգամ մորֆին օգտագործեց…

Այդ շրջանում Բուլգակովն ամուսնանում է Տատյանա Լուպայի հետ և նրան դարձնում իր  «Մորֆին» պատմվածքի հերոսուհի Աննա Կիրիլովնայի նախատիպը:

Շուտով Բուլգակովը սկսում է պայքարել մորֆիից ունեցած կախվածության դեմ: Զուգահեռ աշխատանքի է անցնում Կարմիր Խաչում ու աշխատում որպես ռազմական բժիշկ: Այդ ընթացքում նա ամուսնանում է երկրորդ, բայց ոչ վերջին անգամ:

Երրորդ ամուսնությունը Ելենա Նյուրենբերգի հետ էր: Հենց նա է լինում գրողի վերջին կինը, նրա մահվան ականտեսն ու գրական ժառանգության պահպանը: Ի դեպ, հենց նա է «Վարպետը և Մարգարիտան» վեպի Մարգարիտայի նախատիպը:

Միխայիլ Բուլգակով և Ելենա Նյուրենբերգ․ 1932թ․

Սակայն որևէ ամուսնությունից նա ժառանգ չունեցավ:

Ինչ-որ բան անպայման կպատահի, որովհետև չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն…

Շուտով Բուլգակովի առողջությունը սկսում է վատանալ: Նա նորից սկսում է մորֆին օգտագործել: Մահվան մահճում նա կնոջը թելադրում էր «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջնական տարբերակը։

1940-ի մարտի 10-ին Բուլգակովը մահանում է։ Նրան թաղում են Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանոցում։ Ելենայի միջամտությամբ գերեզմանի վրա դրվում է «Գողգոթա» կոչվող քարը, որը նախկինում Նիկոլայ Գոգոլի գերեզմանին էր։

Միխայիլ Բուլգակովի վերջին լուսանկարը․ 1940թ-ի փետրվարի 27

Ստացվում է՝ դրամատուրգ, բժիշկ, վիպասան, սցենարիստ, լրագրող, թատրոնի ռեժիսոր, դերասան, բժիշկ-վիրաբույժ և արձակագիր Միխայիլ Բուլգակովի ամենահայտնի վեպը՝ «Վարպետը և Մարգարիտան», գրողի կյանքի վերջին, բայց ամենահաջողված գործն է:

Բուլգակովի գրական ժառանգությունը բազմազան է՝ կենսագրություններից մինչև երգիծանք: Ի դեպ, «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը» ֆիլմը նկարահանվել է Բուլգակովի երգիծապատումների հիման վրա:

Բուլգակովի ֆենոմենը մինչ օրս ուսումնասիրված չէ: Նա սովորական մարդ չէր. նա մի ամբողջ ժողովուրդ էր՝ իրար հետ կապ չունեցող անհատներին հատուկ հետաքրքրություններով ու կենցաղով:

Օրինակ նա անգիր գիտեր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», սիրում էր լսել «Ֆաուստ» օպերան և շախմատի շատ մեծ երկրպագու էր. դրա համար էլ նա իր վեպում մանրամասն նկարագրում է Վոլանդի և Բեհեմոթի շախմատային պարտիան: Իրական կյանքում, ի դեպ, Բեհեմոթ էր գրողի շան անունը:

Նրա տունը մի քանի անգամ խուզարկվել է թե գրողի կենդանության օրոք, թե հետո: Ովքեր են մտել նրա տուն, ինչ են փնտրել, անհայտ է: Միայն մի դեպք է պարզվել՝ 1926-ին մոսկովյան բնակարանից առգրավվել են նրա «Շան սիրտը» ձեռագրերը և նրա օրագիրը: Ում էին դրանք պետք և ինչ ճակատագիր են ունեցել, հայտնի չէ, բայց Բուլգակովն իրավամբ ճիշտ է նկատել իր հայտնի վեպում՝ ձեռագրերը չեն այրվում:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում